Բավ է պառակտվել
07-04-2015 09:46

ԵՏՄ կնպաստի միայն հայ ժողովրդի բարեկեցությանը. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ, միմյանց հարգելու, ինքնիշխանությունը հարգելու շնորհիվ ԵՏՄ-ի գործառնությունը, որ հիմնված է համակողմանի, թափանցիկ, քաղաքակիրթ կանոնների վրա, մեր ժողովրդի բարեկեցությանը միայն կնպաստի: Նա նաև վստահություն է հայտնել, որ հեռանկարները լավն են, հակառակ դեպքում՝ նման որոշում չէր ընդունվի: «Մենք դառնում ենք 170 միլիոնանոց շուկայի մասնակից, իսկ փոքր Հայաստանի համար դա շատ լավ ձեռքբերում է, առավել ևս, որ ԵՏՄ-ի գործառնությունը, որ հիմնված է համակողմանի, թափանցիկ, քաղաքակիրթ կանոնների վրա, մեր ժողովրդի բարեկեցությանը միայն կնպաստի», -ասաց նա: «Ես համոզված եմ, որ Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել: Համոզված եմ, որ ցանկացած այլ հանգամանքներում դժվարություններն ավելի կլինեին, քան այսօր են, քանզի մեր տնտեսությունները փոխկապակցված են», - նշեց ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ առնվազն երեք գործոն կա, որոնք որևէ կերպ անտեսել չի կարելի, անկախ նրանից՝ Հայաստանը ԵՏՄ անդամ է, թե ոչ: «Մեր գյուղատնտեսական արտադրանքի, մեր ապրանքների հիմնական մասն իրացվում է ԵՏՄ շուկայում, առաջին հերթին՝ ռուսաստանյան շուկայում: Եթե ռուբլու արժեզրկման պատճառով ՌԴ քաղաքացիների մոտ ծագել են խնդիրներ, ապա դա նշանակում է, որ խնդիրներ են ծագել մեր արտադրողների մոտ: Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի շատ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր, աշխատելով Ռուսաստանում, գումարներ են փոխանցում իրենց հարազատներին և բարեկամներին: Եվ եթե այդ գումարների ֆիզիկական ծավալը մնացել է նույնը, ավելին՝ աճել է 13 տոկոսով, սակայն դրանց դրամական արժեքը՝ արտարժութային արժեքը գրեթե երկու անգամ նվազել է: Եվ երրորդ՝ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մեջ հիմնական ներդրողը, և եթե ռուսական ներդրողների մոտ խնդիրներ են ծագել, կնշանակի՝ խնդիրներ են ծագել նաև մեզ համար», - ասաց ՀՀ նախագահը: Նա նաև մեկնաբանեց այն հարցը, որ, բարելավելով իր ներդրումային ոլորտը, Հայաստանը կարող է ներգրավել ռուսաստանյան գործարարներին` հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ԵՄ-ի հետ առևտրի ոլորտում որոշակի արտոնություններ ունի: Նախագահի խոսքով` Հայաստանը արդեն տևական ժամանակ է, ինչ իգտվում է իր արտոնություններից 11 հազար տեսակի ապրանքի գծով: Նա նշեց, որ հայկական ապրանքատեսակների ողջ նոմենկլատուրան հայտնվում է ԵՄ-ի շուկայում ցածր մաքսատուրքերով կամ առանց դրանց: Նա հույց հայտնեց, որ որոշակի ժամանակ անց կհայտնվեն ընկերություններ, որոնք ապրանքը կարտադրեն Հայաստանում, իսկ կվաճառեն ԵՄ-ի և ԵՏՄ-ի շուկաներում: Այդ հարցում նա նշեց չինական կողմի հետաքրքրվածության մասին, որն արտահայտվել Չինաստան կատարած իր վերջին այցի ժամանակ: Նախագահը նշեց, որ բազում ընկերություններ հետաքրքրվել են Մետաքսե ճանապարհին տնտեսական գոտի ստեղծելու հնարավորությամբ: Ահա թե ինչու նա մեծ ուրախությամբ հրավիրել է ռուսաստանցի ներդրողներին մասնակցել տվյալ գործընթացներին:  Սարգսյանը հիշեցրեց, որ ներկայումս Հայաստանում ռուսաստանյան կապիտալով շուրջ 1300 ընկերություն է գործում: