15-07-2014 16:18

Մշակվում է ծրագիր, որով ձկնարտադրողները կնվազեցնեն ջրօգտագործման ծավալները

Ձկնաբուծության ոլորտում մշակվել է համապատասխան նախագիծ, որը հնարավորություն կտա նվազեցնել ջրօգտագործման ծավալները: Այս մասին, այսօր «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

60 ձկնաբուծական տնտեսություն միավորող հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին՝ հանդիպում կազմակերպելու եւ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հուզող հարցերը քննարկելու խնդրանքով:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, արձանագրելով Արարատյան հարթավայրում առկա խորքային ջրերի մակարդակի իջեցման հիմնախնդիրը, նշել է, որ ՀՀ կառավարությունն այն լուծելու ուղղությամբ ծրագրային քայլեր է կատարում, սակայն կցանկանար լսել նաեւ ձկնաբույծների մոտեցումները խնդրի լուծման ուղիների վերաբերյալ եւ ստանալ նրանց աջակցությունը, քանի որ կառավարությունը չի կարող միայնակ լուծել կուտակված խնդիրները:

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը ներկայացրել է ձկնաբույծների մտահոգությունը՝ կապված Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերի մակարդակի իջեցման վերաբերյալ, ինչը վտանգում է երկար ժամանակով ձկնաբուծությամբ զբաղվելու հեռանկարները: Վերջինս մտահոգիչ է համարել այն իրողությունը, երբ որոշ ձկնաբուծական տնտեսություններ ընդերքից վերցնում են անհամեմատ ավելի շատ ջուր, քան իրենց անհրաժեշտ է տվյալ քանակի ձուկ արտադրելու համար:

Բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է համապատասխան նախագիծ, ինչը հնարավորություն կտա ձկնաբուծության ոլորտում նվազեցնել ջրօգտագործման ծավալները: Այս աշխատանքները պետք է այնպես կազմակերպվեն, որ չվնասեն ձկնարտադրությանը: Նախարարը խորհուրդ է տվել ձկնաբույծներին իրենց տնտեսություններում ներդնել նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան ոչ միայն նվազագույնի հասցնել միավոր ձկան արտադրության համար անհրաժեշտ ջրաքանակը, այլ նաեւ կխթանեն տնտեսությունների զարգացումը: Ըստ նախարարի, զուգահեռ աշխատանքներ են տարվելու նաեւ ապօրինի խորքային հորերի փակման ուղղությամբ: Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ աշխատանքների այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվելու ինքնաշատրվանող հորերի կոնսերվացման եւ լուծարման վրա, որպեսզի տարվող աշխատանքներն արդյունք տան:

Ձկնաբույծներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ողջ կարողություններով աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանն արտեզյան ավազանի հիմնահարցի լուծման հարցում, քանի որ գիտակցում են, որ երկար ժամանակով ձկնաբուծությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է խորքային ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործել: «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի վարչության անդամները նախարար Արամայիս Գրիգորյանին հրավիրել են աշխատանքային այց կատարել իրենց տնտեսություններ՝ արտադրական գործընթացին տեղում ծանոթանալու եւ ոլորտի խնդիրներն ավելի հանգամանալից քննարկելու համար: