04-03-2014 17:19

Հայաստանում ձկնաբուծարանների համար կարող են խնդիրներ առաջանալ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը և միության անդամ Հայկազ Զեյնալյանը նշեցին, որ ՀՀ կառավարության կողմից մշակված ձկնաբույծների երկարամյա տնտեսական նոր քաղաքականությունը տանելու է ձուկ արտադրող փոքր ընկերությունների վերացմանը:
Ըստ Արթուր Աթոյանի Գործադիրի կողմից նոր պահանջներ է ներկայացվել ձկնարտադրողներին, որը բարդացնում է նրանց աշխատանքը:
՛՛Խոսքը ոլորտի լիցենզավորմանն է վերաբերում, ջրերի յոթանասունհինգ տոկոսի կրճատմանը, ջրի վարձի թանկացմանը, և էլի կան պահանջներ, որոնք դեռ չեն հրապարակվել՛՛,- նշեց Արթուր Աթոյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկում են կառավարությանը ժամանակ հատկացնել, որպեսզի ձկնարտադրողը կարողանա իր տնտեսությունը հարմարեցնել նոր պահանջներին։
Ըստ նրա՝ այդ պարտադիր միջոցառումները փոքր արտադրողները չեն կարող իրականացնել, իսկ խոշորներն ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնեն։ Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը կքննարկի այդ հարցերը::

Ըստ Աթոյանի ՄՄ-ի կազմում ընդգրկվելուց հետո ձկնարտադրողներն անպայման ավելի բարդույթներից ձերբազատված կարող են արտահանում իրականացնել, չնայած՝ դա բոլորին չի վերաբերում:

Իսկ միության անդամ Հայկազ Զեյնալյանն էլ կրկնեց, որ այդ քաղաքականությունը տանելու է հատկապես մանր տնտեսությունների կործանմանը: «Ժամանակն է ճիշտ մոտեցում ցուցաբերել ձկնարտադրողների նկատմամբ, ես չեմ ուզում անտեսել, որ Արարատյան դաշտը խիստ ջրի կարիք ունի, բայց ձուկն էլ կարող է միայն ջրում ապրել»,-ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ այնպես է ստացվել, որ խոշոր տնտեսությունները ձկնարտադրության մեջ նույնպես կան, բայց նրանք այդ քաղաքականությունից չտուժելու ելքը կգտնեն նույնիսկ առանց ինչ-որ վճարներ վճարելու, և կառավարության վարած քաղաքականությունը, միանշանակ, փոքր տնտեսություններին է վնաս հասցնում։