30-10-2014 09:57

Տրանսֆերտների նվազումը դառնում է օրինաչափ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին Հայաստան ուղարկվող տրանսֆերտային հոսքերի նվազման միտումը շարունակում է պահպանվել։
Կենտրոնական բանկի վերջին տվյալների համաձայն, բանկային համակարգի միջոցով սեպտեմբերին նույնպես ավելի քիչ գումար է ուղարկվել Հայաստան, քան նախորդ տարվա նույն ամսին։ Բացասական տարբերությունը՝ 9,2 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերին բանկային համակարգի միջոցով փոխանցվել է 169,7 մլն դոլար՝ անցած տարվա 178,9 միլիոնի դիմաց։ Տրանսֆերտային ընդհանուր հոսքերը նվազում են արդեն երկրորդ ամիսն անընդմեջ։ Օգոստոսին ոչ առեւտրային փոխանցումները կրճատվեցին 11,5 տոկոսով։ Տրանսֆերտային հոսքերի հարցում պահպանվում է ռուսական շուկայի ազդեցությունը։ Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, սեպտեմբերին բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ուղարկվել է 145,7 մլն դոլար. նվազել է ինչպես անցած տարվա նույն ժամանակահատվածի, այնպես էլ նախորդ ամսվա համեմատ։ 2013թ. սեպտեմբերին ռուսական շուկայից ուղարկված գումարները եղել էին 156,6 մլն դոլար։ Այլ կերպ ասած, այս տարի դրանք կրճատվել են 10,9 միլիոնով։ Բացասական տարբերությունը նախորդ ամսվա համեմատ գերազանցում է 16 մլն դոլարը, ինչը նշանակում է, որ այն խորացման միտում ունի։ Ի տարբերություն ընդհանուր տրանսֆերտային հոսքերի, ռուսական շուկայից կատարվող ոչ առեւտրային փոխանցումները նվազում են արդեն չորրորդ ամիսն անընդմեջ։ Նախորդ չորս ամիսների ընթացքում (հունիս ամսից սկսած) բանկային համակարգով ուղարկվող ռուսական տրանսֆերտները նվազել են շուրջ 43 մլն դոլարով։ Սա ուղղակի ազդեցություն է ունեցել նաեւ տարվա ընթացքում կատարված ընդհանուր փոխանցումների վրա։ Տարեսկզբի ինը ամիսներին ոչ առեւտրային նպատակով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել ընդհանուր առմամբ 1,1 մլրդ դոլար, որը գրեթե 25 միլիոնով պակաս է եղել նախորդ տարվանից։ Ռուսական տրանսֆերտային հոսքերը կրճատվել են շուրջ 2,2 տոկոսով»։