Բավ է պառակտվել
15-02-2016 15:13

Ջանում ենք շտկել նախկին իշխանությունների սխալները.պատգամավոր

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ամբողջ հանրությանն ուղղված շատ հստակ ուղերձով է հանդես եկել: Այդ մասին այսօր հայտնել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի նախագահի վերջին ելույթը հետեւել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: «Մեր առաջ որոշակի խնդիրներ են դրված: Բնականաբար, սահմանադրական փոփոխություններից հետո անհրաժեշտ էր նման ուղերձը, որպեսզի նախագահը նախանշեր այն խնդիրները, որոնք պիտի իրականացվեն: Ելույթն ուղղված էր մեզ բոլորիս, ամբողջ հասարակությանը», - նշել է Ավետիսյանը: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ հանրությունն այդ ելույթի ազդեցությունը պիտի զգա յուրաքանչյուր պետհամակարգի եւ պաշտոնյայի աշխատանքում: «Մենք հերոսաբար փորձում ենք շտկել նախորդ իշխանությունների սխալները: Անհրաժեշտ է ճիշտ գնահատել խնդիրները, որ գոյություն ունեն եւ որոնք բարձրացնում է նախագահը եւ համապատասխան հետեւություններ անել: Մենք երբեք չենք ասում, թե խնդիրներ չունենք: Այո, մենք ունենք խնդիրներ, այդ պատճառով էլ մենք սահմանադրական փոփոխություններ ենք իրականացրել», - նշել է Սուքիաս Ավետիսյանը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը կից Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին ներկայացնելով նոր ղեկավար Գեորգի Կուտոյանին, հայտնել էր, որ 2018-ին իշխանության ճյուղերում լուրջ վերադասավորումներ եւ լիազորությունների վերաբաշխում տեղի կունենա: