31-01-2014 11:00

՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնող խմբի անդամների կոչը գործատուներին

 «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները կոչ են անում ՀՀ բոլոր գործատուներին հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել աշխատակիցների աշխատավարձերից պահումներ՝ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:  Նախաձեռնության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի գործատուներ,

 Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռևս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն: 

Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք Ձեզ և հորդորում, հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով: Հավատացած եղեք, որ ձեր աշխատակիցները մշտապես ձեր կողքին են եղել, բազմաթիվ աշխատողներ երախտապարտ են եղել այն գործատուներին, ովքեր շտապել են բարձրացնել իրենց աշխատավարձերը: Սակայն հարկ է նկատել, որ դա հարցի լուծման օպտիմալ և ընդունելի տարբերակը չէ:

Համոզված ենք, որ շատ գործատուներ այսօր իրենց աշխատողների աջակցության կարիքն ունեն, իսկ աշխատողները պատրաստ են կանգնել իրենց գործատուների կողքին: Դուք՝ գործատուներդ, այժմ ՍԴ աշխատակարգային որոշման միջոցով հնարավորություն ունեք առանց որևէ տույժ կամ տուգանք կրելու կանգնել Ձեր աշխատողների կողքին: Ավելին՝ եթե մարտի 28-ի դատաքննության արդյունքում օրենքի վիճահարույց դրույթները Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, աշխատողները չվերականգնվող ֆինանսական կորուստներ կարող են կրել, եթե նրանց աշխատավարձերից կուտակային ֆոնդերին կամ կամուրջ հաշվին փոխանցումներ իրականացվեն:

Մի՛ եղեք մասնակից հակաօրինական գործարքի, որի մասին բարձրաձայնել են հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատը, իրավապաշտպան ՀԿ-ներ, ԱԺ 4 խմբակցություններ: Մի մոռացեք, որ այս օրինական և արդարացի պահանջները բարձրացնող անձանց (պայքարողների) շարքերում են նաև ձեր աշխատողները:

Արդյունքը երկար սպասել չի՛ տա՝ ՀՀ Սահմանադրական դատարանը դիմումը քննության է առնելու ս. թ. մարտի 28-ին, և հավանականությունը մեծ է, որ օրենքի վիճահարույց հոդվածները կճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր»: