Բավ է պառակտվել
14-02-2014 17:25

<<Դեմ եմ>>-ի նամակն` ուղղված ՀՀ Կառավարությանը


«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես «պարտադիր» բաղադրիչի դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ պահանջելով քայլեր ձեռնարկել էլեկտրոնային հաշվետվության՝ «պարտադիր կուտակային»-ին վերաբերող դաշտը ապաակտիվացնելու ուղղությամբ:
Ըստ նախաձեռնության անդամների՝ էլեկտրոնային հաշվետվության ձևում գործատուները, որպես հարկային գործակալներ, փաստացի ստիպված են լինում պարտադիր կերպով կատարել համապատասխան պահումներ, քանի որ դա ինքնաշխատ ձևով է կատարվում:
Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:
«Հարգելի պարոն Խաչատրյան,

Ստանալով մեր նախորդ գրության պատասխանը,ցավոք պետք է հայտնենք, որ այն չի բավարարել մեր պահանջները: Մենք խոսում ենք Օրենքի դաշտից, դուք փորձում եք խուսանավել Ձեր պարզաբանումներով, որոնք բացարձակ չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության և ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հրապարակված երկու աշխատակարգային որոշումների տրամաբանության մեջ:
Մենք կրկին բարձրացնում ենք ներքոհիշյալ հարցը և խնդրում ենք քայլեր ձեռնարկել ՀՀ Բարձրագույն դատարանի աշխատակարգային որոշումներն ի կատար ածելու ուղղությամբ:
2014թ. փետրվարի 3-ից էլեկտրոնային հաշվետվություններում, մասնավորապես՝ Ձև 86-ում «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկում» կատարվել են տեխնիկական փոփոխություններ և պարտադիր կուտակային վճարների հաշվարկը կատարվում է ինքնաշխատ կերպով:
Համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. աշխատակարգային որոշման (ՍԴԱՈ-3) գործատուները` որպես հարկային գործակալներ պատասխանատվության չեն ենթարկվում պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները չկատարելու կամ չփոխանցելու համար, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից համապատասխան դիմումի քննության վերջնական ավարտը:
Ընդ որում, ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների ներկայացուցիչ Ա. Մինասյանի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող այլ հոդվածների գործողությունների կասեցման միջնորդությունը, 11.02.2014թ. իր աշխատակարգային որոշմամբ (ՍԴԱՈ-6) նշել Է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի գործողության հարցում ցանկացած շահագրգիռ պետական մարմին՝ ՀՀ սահմանադրական դատարանի`24.01.2014թ. ՍԴԱՈ-3 որոշման մեջ ձևավորած իրավական դիրքորոշումը և դրա հիման վրա օրենքի` դիմումի ապահովման կասեցված իրավադրույթներին առնչվող այլ իրավահարաբերությունները պետք է դիտարկի բացառապես մարդու իրավունքի գերակայության սկզբունքի հարգման համատեքստում։ Այս առումով, պետական մարմինների՝ վիճարկվող օրինադրույթների կիրառմանն առնչվող որոշումների իրավաչափության գնահատումը պայմանավորված է նրանով, թե դրանք որքանով են համահունչ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջին՝ մինչև գործի դատաքննության ավարտը կանխելու համար հնարավոր անդառնալի կամ ծանր հետևանքները։
Կարծում ենք բացարձակ անհրաժեշտություն չկա մեկնաբանելու կամ պարզաբանելու ՀՀ Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումները, քանզի նրանում ամեն ինչ արդեն ասված է, այն էլ՝ երկրորդ անգամ, մնում է միայն կարդացող պաշտոնյաները քաղաքական կամք դրսևորեն՝ ՀՀ Բարձրագույն դատարանի նշյալ աշխատակարգային որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Այս պահի դրությամբ մի քանի տասնյակ ընկերություններ են, ովքեր հարգել են իրենց աշխատողների՝ սահմանադրորեն երաշխավորված իրավունքներն ու ազատությունները, նրանց դիմումների հիման վրա պարտադիր կուտակային կենսաթոշակի համար վճարումներ չեն կատարել: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ էլեկտրոնային հաշվետվության ձևում գործատուները (այդ թվում նաև անհատ ձեռներեցները, նոտարները), որպես հարկային գործակալներ, փաստացի ստիպված են լինում պարտադիր կերպով կատարել համապատասխան պահումներ, քանի որ, ինչպես նշել ենք արդեն, ինքնաշխատ ձևով է դա կատարվում:
Հաշվի առնելով ստեղծված խառնաշփոթ իրավիճակը, խնդրում ենք Ձեզ եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկների դաշտը ապաակտիվացնել, այսինքն բերել՝ մինչև 2014թ. փետրվարի 3-ը վիճակին, կամ այդ դաշտը լրացնելու համար հնարավորություն ընձեռել գործատուներին այն լրացնել ըստ անհրաժեշտության (կամավոր կուտակային կենսաթոշակի առկայության դեպքում): Իսկ անհնարինության դեպքում, խնդրում ենք երկարաձգել միայն կուտակային կենսաթոշակների հաշվարկման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման գործընթացը, մինչև սույն հարցն իր տրամաբանական լուծումը ստանա ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից:

Ի վերջո, ՀՀ Բարձրագույն դատարանը երկու անգամ անդրադարձել է այս խնդրին, սակայն որևէ ձևով ՀՀ կառավարման մարմինները, այդ թվում նա Պետական եկամուտների կոմիտեն ջանք չեն դնում, որպեսզի ապահովեն կամ ի կատար ածեն ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումների պահանջները:

Առաջարկում ենք Ձեզ, իբրև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ և Օրենքով ճանաչված լիազոր մարմին, սեղմ ժամկետում անդրադառնալ ՍԴԱՈ երկու որոշումներում արտահայտած սահմանադրաիրավական դիրքորոշմանը, ոչ թե դրանց հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու, ընդունելու կամ չընդունելու, մեկնաբանելու կամ քննադատելու, այլ պարզապես ապահովելու դրանց կատարումը, որպեսզի Բարձրագույն Դատարանի որոշումը չմնա միայն թղթի վրա:

Մենք համոզված ենք, որ Դուք դա կարող եք անել, քանի որ մինչև 2014թ. փետրվարի 3-ը էլեկտրոնային հաշվետվության համապատասխան դաշտը ապաակտիվացված է եղել:

Միևնույն ժամանակ, հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Հարգանքով`
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ»