Բավ է պառակտվել
25-01-2014 14:01

՛՛Դեմ եմ՛՛-ի նախաձեռնող անդամները երկրի նախագահի դիրքորոշումից այնքան էլ գոհ չեն

 "Դեմ եմ" նախաձեռնության անդամներն այսօր հանդիպում ունեցան լրագրողների հետ: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ Ճիշտ չէ, երբ մի հարց վիճարկվում է Սահմանադրական դատարանում, իսկ երկրի առաջին դեմքը դրա շուրջ կարծիք է հայտնում: 

«Բայց որպես քաղաքացի պետք է ասեմ, որ երբ գործի քննությունը գտնվում է Սահմանադրական դատարանում, իսկ երկրի նախագահը իր կարծիքն է արտահայտում ու ասում, որ սերունդները պետք է շնորհակալ լինեն, կարող է դիտվել որպես «մեսիջ»: Ես չէի ցանկանա, որ իմ երկրի առաջին դեմքը նման կարծիք հայտներ դատարանում վիճարկվող հարցի շուրջ, թե՞ նա համոզված է, որ ՍԴ-ն դիմումը մերժելու է: Եթե լինեի երկրի առաջին դեմք, նման բան չէի անի»,- ասաց Դավիթ Մանուկյանը և հավելեց, որ ցանկանում է քաղաքական գնահատականներ տալու հեռու մնալ:

Դավիթ Մանուկյանը անդրադարձավ նաև երեկ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի կողմից հայտնած այն տեսակետին, թե Հայաստանի վարկանիշը կընկնի, եթե խախտի Ֆոնդերի կառավարիչների հետ կնքած գործարքը և խաղի կեսից դուրս գա։ Բանախոսը նկատեց, որ ծիծաղելի է խոսել երկրի վարկանիշի մասին, երբ հակասահմանադրական օրենք է շրջանառության մեջ դրվել:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ այցելել էր  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ անդրադառնալով Կուտակային կենսաթոշակային համակարգին ասել էր, որ այս բարեփոխման ծրագիրը կոչվելու է պատմական, կանցնեն տարիներ և այսօրվա աշխատանքը կարժանանա միայն գնահատանքի: