13-07-2018 22:46

Չեխական Fly United–ը մտադիր է գրասենյակ բացել Հայաստանում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել չեխական Fly United ընկերության հիմնադիրներ Յան Ստիլեցի և Եվա Ստիլցովայի հետ, հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը։

Ընկերությունը ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ոլորտում` համատեղելով պետական և մասնավոր ընկերությունների, անհատների հետ աշխատանքը բիզնեսի և հանգստի ոլորտներում։

Յան Ստիլեցը ներկայացրել է շուրջ 25-ամյա ընկերության փորձը, հայտնել այդ փորձառությամբ հայաստանյան մասնագետների հետ կիսվելու պատրաստակամությունը, նաև տեղեկացրել, որ երկրորդ անգամ այցելելով Հայաստան՝ արդեն մտադրություն ունեն բացելու Fly United-ի գրասենյակ։

Նախարարը ողջունել է Հայաստանի նկատմամբ չեխ գործարարների հետաքրքրությունը, ներկայացրել գործարար ոլորտին և ներդրումային ծրագրերին առնչվող կառավարության քաղաքականությունը, կարևորել նաև ավիացիայի բնագավառում ընկերության ունեցած փորձի փոխանակման հնարավորությունը։

Նախարարի հետ հանդիպումից հետո առավել մանրամասն ոլորտային հարցերը քննարկվել են Զբոսաշրջության կոմիտեի և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչների հետ։