Բավ է պառակտվել
21-02-2015 09:19

Չեխական ընկերությունները կմասնակցեն «Արմենիա էքսպո» ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: 
Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու պաշտոնում: Կարևորելով հայ-չեխական առկա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը` նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի նպաստել այդ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: 
Դեսպան Պետր Միկիսկան, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ընդունելության համար, նշել է, որ 2014թ. կայացած հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը կարևոր հիմք է հանդիսացել երկու երկրների առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու համար: 
Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվում Հայաստանի երկու մարզերի և Չեխայի համապատասխան ռեգիոնների միջև` գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում: Պետր Միկիսկան տեղեկացրել է նախարար Կարեն Ճշմարիտյանին այս տարի սեպտեմբերին «Արմենիա էքսպո» միջազգային ցուցահանդեսին չեխական ընկերությունների մասնակցության մասին:
Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության, ավիացիայի, որակի ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015թ. կայանալիք հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում ավելացնել որակի ենթակառուցվածքների ոլորտը, ինչպես նաև հանձնաժողովի նիստին մասնակից դարձնել հայ և չեխ գործարար համայնքի ներկայացուցիչներին` երկուստեք գործարար և ներդրումային ծրագրեր քննարկելու և իրականացնելու նպատակով: