Բավ է պառակտվել
22-11-2017 20:12

ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է նոր կոմպոզիտային թղթադրամներ

Հայկական դրամի շրջանառության մեջ մտնելու օրը ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կհայտնվեն մեկ տարի անց՝ 2018թ. նոյեմբերին:
Կոմպոզիտային են այն թղթադրամները, որոնք մասամբ կազմված են թղթից, իսկ մասամբ էլ պոլիմերից (պլաստիկից):
ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը նշում է, որ ԿԲ-ն հրատարակել է նոր թղթադրամների նախատիպը՝ 500 դրամ անվանական արժեքով «Նոյյան Տապան» հավաքորդական թղթադրամները:
«Որպեսզի մեր մասնագետները գործնականում հասկանան, թե ինչպիսի որակական հատկանիշներ պետք է ունենան երրորդ սերնդի նոր կոմպոզիտային թղթադրամները, որոշվել է թողարկել 500 դրամ անվանական արժեքով հավաքորդական թղթադրամ: Տվյալ թղթադրամն ունի լավագույն պաշտպանական հատկանիշները, որոնք կկիրառվեն նաև մյուս կոմպոզիտային թղթադրամների պարագայում »,- նշել է նա:
500 դրամանոց թղթադրամի չափսը 140 x 76 մմ է: Այն տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա: Թղթադրամը երկու կողմերից պատված է պոլիէստերի բարակ շերտով պաշտպանված բամբակե թղթով:
2017 թ. մայիսին ՀՀ ԿԲ-ն հայտարարեց կոմպոզիտային թղթադրամների տպագրության մրցույթ, իսկ հուլիսին՝ էսքիզների մրցույթ: Նահապետյանը տեղեկացրել է, որ մրցույթի արդյունքներով հայկական նոր թղթադրամները կտպագրի գերմանական Giesecke & Devrient ընկերությ ունը: Իսկ էսքիզների մրցույթում, որին մասնակցություն է ունեցել ավելի քան 30 դիզայներ, ԿԲ Գեղարվեստական խորհուրդը քվեարկության արդյունքում ընտրել է երեք դիզայներների՝Էդվարդ Կուրգինյանի, Վարդան Վարդանյանի և Սուրեն Սիմոնյանի աշխատանքները: Ընդ որում, Նահապետյանը նշել է, որ նրանց էսքիզների համադրությունն ընտրվել է իբրև հիմք՝ թղթադրամների վերջնական տեսքը ստանալու համար:
Նահապետյանը ներկայացրել է նոր թղթադրամների էսքիզներն ընդգծելով, որ դրանք դեռ պետք է մշակվեն և վերջնական տեսք ստանան:
2018թ. Հայաստանը շրջանառության մեջ կդնի երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ: Տվյալ նորարարությունն արվում է ազգային դրամի ներդրման 25-ամյակին ընդառաջ: Գործող թղթադրամները հետզհետե կփոխարինվեն նորերով: Շրջանառության մեջ կմտցվի նաև 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, իսկ 100.000 դրամանոց թղթադրամն ընդհանրապես կդադարեն թողարկել՝ ցածր պահանջարկի պատճառով:
Երրորդ սերնդի թղթադրամների վրա կհայտնվեն նաև նոր պատկերներ: Այդպես, 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա կպատկերվի Պարույր Սևակը, 2000-ի վրա՝ Տիգրան Պետրոսյանը, 5000-ի՝ Վիլյամ Սարոյանը, 10.000-ի՝ Կոմիտասը, 20.000-ի՝ Հովհաննես Այվազովսկին, 50.000-ի՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը: