Բավ է պառակտվել
11-02-2015 08:44

ՀՀ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

2015 թ. փետրվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%: ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2015 թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3%՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետեւանքով, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին: Խորհուրդն արձանագրում է, որ 2015 թ. ընթացքում արտաքին հատվածում դիտվել է ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի արագացում, որին զուգահեռ ձեւավորվել են տոկոսադրույքների բարձրացման սպասումներ` նպաստելով ԱՄՆ դոլարի արժեւորմանը եւ հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների նվազմանը: Այս դրսեւորումները հանգեցրել են զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի ավելացմանը, որն էլ պատճառ է դարձել զարգացող երկրների արժութային շուկաներում արձանագրված բարձր տատանողականության, տոկոսադրույքների աճի եւ տնտեսական աճի տեմպերի դանդաղման: Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարվա վերջին վերոնշյալ զարգացումներով եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված ՀՀ ֆինանսական եւ ապրանքային շուկաներում տեղի ունեցած դրսեւորումներն աստիճանաբար չեզոքանում են: Նման պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները, որոնք ներկայումս ձեւավորվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքի շրջանակներում, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը նվազեցնելով 2.5 տոկոսային կետով՝ մինչեւ 14.5%: Բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները կնվազեն՝ մոտենալով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, որը բարձրացվել է մինչեւ 10.5%՝ արտացոլելով զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի եւ տոկոսադրույքների աճի միտումները ավելի երկարաժամկետ հատվածում: ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ նշված գործողությունները կկրճատեն ԿԲ քաղաքականության եւ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների միջեւ ձեւավորված տարբերությունը՝ նպաստելով ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը եւ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում: Վերջին անգամ Հայաստանի Կենտրոնական բանկը փոխել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2014 թվականի հունվարի 22-ի արտահերթ նիստի ժամանակ՝ բարձրացնելով այն 8,5%-ից մինչև 9,5%: