05-09-2014 14:14

Չինաստանում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է գործարարներին

Ինչպես news.gisher.ru-ին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող չինացի հայտնի գործարարների և համաշխարհային մեծ ճանաչում ունեցող խոշորագույն ընկերությունների ղեկավար անդամների հետ է եղել: Ողջունելով ներկաներին` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ նախորդող օրերին տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Քաղբյուրոյի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց հետ քննարկվել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները: «Ես պատրաստ եմ դառնալ վստահության երաշխավոր, որպեսզի դուք եւ ձեր գործընկերները կարողանաք գալ Հայաստան եւ ներդրումներ կատարեք մեր երկրում ձեր ցանկացած ոլորտներում»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքն իր կողմից պատրաստ է անել առավելագույնը՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար: Չինացի ձեռնարկատերերն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են Հայաստանով եւ մոտ ապագայում պատրաստ են հանդես գալ կոնկրետ ծրագրերով ու նախաձեռնություններով:
Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է Հայաստանում հայ-չինական տնտեսական ֆորում անցկացնել , որի ընթացքում չինացի գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի բիզնես միջավայրին ու հենց տեղում ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Այսօր ԲՀԿ պատվիրակության հանդիպումները շարունակվում են Շանհայ քաղաքում: