27-02-2015 15:24

Ռուսաստանի բյուջեն 2015 թվականին շուրջ 1 տրլն ռուբլով կրճատվելու է

2015 թվականին Ռուսաստանի բյուջետային ծախսերը 1 տրլն 70 մլրդ ռուբլով կրճատվելու են: Երկրի Ֆինանսների նախարարությունը բյուջետային միջոցները տնտեսելու տարբերակ է գտել: Ըստ «Ինտերֆաքս» գործակալության, ֆինանսների փոխնախարար Տատյանա Նեստերենկոն փետրվարի 27-ին կայացած Դաշնային գանձապետարանի կոլեգիայի նիստում ներկայացրել է բյուջեի հիմնական ծախսատար հոդվածները, որոնք ծրագրվում է կրճատել: Կրճատման մասին որոշում չընդունելու դեպքում երկրի բյուջեի դեֆիցիտը կկազմեր ՀՆԱ-ի 4.7%-ը: Նեստերենկոյի խոսքով, բյուջետային ռեսուրսների տնտեսումը կկատարվի պետական հաստատությունների աշխատակիցների թվի կրճատման, աշխատավարձի ինդեքսավորումից հրաժարվելու, ներդրումային ծախսերի վերանայման, նոր օբյեկտների շինարարությունից հրաժարվելու հաշվին: Ռուսաստանի եռամյա՝ 2015-2017 թվականների բյուջեն, Պետդուման ընդունել էր 2014 թվականի նոյեմբերին: 2015 թվականի համար դրանում նախատեսել էին 15 տրլն 82.36 մլրդ ռուբլու եկամուտ, այդ թվում 344.26 մլրդ ռուբլին՝ նավթագազային եկամուտները: Դրանք հաշվարկվել էին՝ ելնելով նավթի 1 բարելի դիմաց 80 դոլար գնի կանխատեսումներից: Ներկայում, սակայն, նավթի Brent տեսակի գինը 61 դոլար է, իսկ WTI տեսակը՝ 49 դոլար: Միաժամանակ, հունվարին Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ 2015 նավթի միջին տարեկան 50 դոլար գնի պարագայում 2015 թվականին Ռուսաստանի բյուջեի կորուստները կկազմեն 3 տրլն ռուբլի: Դաշնային բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը ծրագրված էր 15 տրլն 513 մլրդ ռուբլու չափով: Ենթադրվում էր, որ բյուջեի դեֆիցիտը կկազմի 430.7 մլրդ ռուբլի: