Բավ է պառակտվել
06-05-2014 13:05

Բնապահպանության նախարարությունը երբեք պաշտպան չի եղել Սևանա լճին. Ի. Զարաֆյան

Բնապահպան Ինգա Զարաֆյանն այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով նորանշանակ բնապահպանության նախարարին նշեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնաթողության և նոր նախարար Արամայիս Գրիգորյանի նշանակումից իրենք որևէ դրական փոփոխության հույս չունեն:
՛՛Հատկապես բնապահպանության նախարարները գնալով որակազրկվում են՛՛,-նշեց բնապահմանը ու հավելեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր, որ բնապահպանությունը երկրին շահ չի տալիս: ՛՛Այսպիսի վերաբերմունքը մեր ազգային հարստությանը կարելի է ասել մեր ռեսուրսներն ավերածության է տանում, մենք ավիրում ենք մեր ջրային ռեսուրսները, և դրա վառ ապացույցը Արարատյան դաշտի աղետալի վիճակն է, ինչին հասցրեց հասնել նախորդ կառավարությունը՛՛,- ասաց նա:

Ըստ Ինգա Զարաֆյանի Բնապահպանության նախարարությունը ոչ մի անգամ պաշտպան չի եղել Սևանա լճին, չնայած որ այն ուղղակի գտնվում է նախարարության պաշտպանության ներքո:

Իսկ նոր նախարար Արամայիս Գրիգորյանի մասին, ով Արարատի նախկին մարզպետն է, Ինգա Զարաֆյանն ավելացրեց. ՛՛Նոր նախարարը զուտ բիզնես ոլորտի մարդ է, ինքը բիզնեսի շահերը պաշտպանող մարդ է, նա ոչ մի անգամ չի եղել այդ ոլորտի մասնագետ, ոչ տրամաբանական ոլորտից մարդիկ են բերել նախարարություն՛՛:

Ասուլիսին ներկա «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանն էլ հայտարարեց, որ ինքը սպասելիքներ չունի նոր կառավարությունից: ՛՛Բայց մենք հիմա պետք է ֆիքսենք խնդիրները, հիմնավորենք դրանք և ցույց տանք, թե որոնք են բնապահպանության նախարարի ֆունկցիաները՛՛,- նշեց նա:

Վերջինս նաև հայտարարեց, որ Թեղուտի նախաձեռնությունը ձեռք է բերել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Թեղուտում, ոչ միայն անօրինական է, այլ քրեական գործեր հարուցելու արժանի:

՛՛Սա թող դիտվի հաղորդում հանցագործության մասին, որում ներգրավված են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածը՛՛,- ասաց բնապահպանը: