Բավ է պառակտվել
22-09-2014 10:52

Նոր գազատարով Ադրբեջանը մրցակցության մեջ է մտնում Ռուսաստանի հետ.НГ

Բաքվում շաբաթ օրն Ադրբեջանի և Բուլղարիայի նախագահների, Հունաստանի, Վրաստանի, Չեռնոգորիայի վարչապետների մասնակցությամբ կայացել է «Հարավային գազային միջանցք» նախագծի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Ադրբեջանը նախատեսում է այս գազատարով «Շահ Դենիզ» հանքավայրից ադրբեջանական գազը Վրաստանով և Թուրքիայով հասցնել Եվրոպա: 
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այս գազատարն ազդելու է շատ երկրների ճակատագրերի վրա: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն արձանագրում է, որ այս կերպ «Ադրբեջանը փորձում է Եվրոպայի էներգամատակարարման հարցում մրցակցել Ռուսաստանի հետ»: 
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձանագրել է, որ այս նախագծով փոփոխվելու է Եվրոպայի էներգետիկ քարտեզը: 
«XXI դարի նախագիծ» հորջորջվող «Հարավային գազային միջանցքի» առիթով իրենց շնորհավորանքներն են հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: 
Ադրբեջանի գազի հաստատված պաշարները կազմում են 2,5 տրլն խմ, կանխատեսվող պաշարները՝ 4 տրլն խմ: Ներդրումները ենթադրաբար կկազմեն 45 մլրդ ԱՄՆ դոլար: Նախատեսվում է այս նախագծի միջոցով գազը Թուրքիա հասցնել 2018-ին, իսկ Եվրոպա՝ 2019-ին: