20-02-2014 15:37

Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 3,3%-ով. ԱՎԾ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակվա համեմատ աճել է 1.8%-ով, իսկ 2013թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 52%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3.3%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` 33.8%- ով:
Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվարին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.7%-ի աճ, առևտրաշրջանառության ծավալները ևս աճել են 4.6%-ով և կազմել 124 մլրդ 986,4 մլն դրամ: Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.7%-ի աճ է գրանցվել նաև ծառայությունների ոլորտում:
Այս տարվա հունվարին 0.3%-ով նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, շինարարության ոլորտում նույնպես արձանագրվել է 0.4%-ի անկում:
Նույն տվյալնների համաձայն` արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 3,3%-ով, ներմուծումը` 4.4%-ով, իսկ արտահանման ծավալներն ավելացել են 0.18%-ով:
Հունվարին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 161 հազար դրամ` նախորդ տարվա հունվարի համեմատ աճելով 10.5%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը այս տարվա հունվարին աճել է 10.1 %-ով՝ կազմելով 141 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում աճել է 10.4%-ով` կազմելով 189 հազ 753 դրամ:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին եղել է 407,35 դրամ: