Բավ է պառակտվել
07-05-2014 15:48

Այս տարի կրկին լուրջ վնասներ է կրել ծիրանի բերքը

Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9185 հեկտար տարածք՝ շուրջ 287 համայնքում 3700 գյուղացիական տնտեսություն, հիմնականում Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում: Հրավիրված ասուլիսում այս մասին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Նա նշել է, որ նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է շուրջ 11 միլիարդ 181 միլիոն դրամ:

Փոխնախարարի խոսքով, լուրջ կորուստ է կրել ծիրանենին. 6711 հեկտար տարածքի վրա ամբողջությամբ վնասվել է ծիրանի բերքը: Հայաստանի մի շարք այլ տարածքներում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի տարբեր համայնքներում ծիրանենին էական վնասներ չի կրել:

«Չենք ունենա վերամշակման համար անհրաժեշտ քանակություն, արտահանման ծավալները մեծ չեն կարող լինել, բայց շուկայում որոշակի քանակությամբ ծիրան կլինի»,- ասաց Գ. Պետրոսյանը՝ հավելելով, որ այս տարի կանխատեսվում է 8 հազար տոննա ծիրանի բերք:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ծիրանի բերքը կազմել է 89 հազար տոննա, որից 23 հազար տոննան արտահանվել է:

Փոխնախարարն ասաց, որ որոշ վնասներ են արձանագրվել սալորենու, դեղձենու, կեռասենու ծաղկած այգիներում: Խաղողի սեղանի սորտերի փոխարինող բողբոջներն արդեն բացվում են, այսինքն, ըստ փոխնախարարի, խաղողի բերքի պակաս չի լինի, իսկ խաղողի տեխնիկական սորտերի բարձր բերք է սպասվում: Վաղահաս կարտոֆիլի ցանքերի հետ կապված բացարձակապես վնասներ չեն գրանցվել: