18-09-2014 14:36

Ավտոներկրողները ցանկանում են մտնել հարկային դաշտ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի որոշ վիճարկելի կետերի վերանայման պահանջով դիմել են վարչապետին, որպեսզի ավտոներկրումը ներգրավվի հարկային դաշտ: «Ավտոներկրումը պետք է ներգրավվի հարկային դաշտ, որպեսզի ավտոներկրողները կարողանան սահմանված կարգով աշխատել այդ դաշտում, իսկ իրենց շահույթից մեկ տոկոս հատկացնեն պետությանը՝ որպես հարկ»,-նշեց Հովհաննիսյանը: Նա ասաց, որ նշված օրենքի վեցերորդ հոդվածով սահմանված է, որ մեկ քաղաքացին իրավունք չունի մեկից ավելի անշարժ գույք վաճառել իր անվան տակ, հակառակ դեպքում նա համարվում է ապօրինի ձեռնարկատեր:
Ասուլիսին ներկա ավտոներկրողների միության անդամ Կամո Մարությանն էլ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին՝ ասաց, որ 2008-2009 թվականներին ԱՄՆ-ից Հայաստան է ներկրել երկու ավտոմեքենա, որոնք հետագայում ստիպված է եղել վաճառել, իսկ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար. «Այժմ ամբողջ գույքս գտնվում է կալանքի տակ, գործը քննվում է վարչական դատարանում»: