Բավ է պառակտվել
01-05-2014 13:09

Մարդիկ չեն ցանկանում գրանցված աշխատող լինել, որպեսզի աշխատավարձից պահումներ չարվի

Հայաստանի աշխատաշուկան խիստ տարբերվում է մյուս երկրների աշխատաշուկայից, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա Հայաստանում այսօր քաղաքացին առաջնորդվում է խիստ ներկայով, քանի որ ստացած եկամտով հնարավոր չէ ապագայի պլաններ կազմել:

«Այսօր շուկան այն շունչը չունի, ինչ կար խորհրդային տարիներին: Արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը փոքր է՝ մոտ 400 հազար զբաղվածներ մասնավոր և պետական սեկտորում։ Եվ ստացվում է, որ զբաղվածության տեսանկյունից զգալի մասը բաժին է ընկնում փոքր բիզնեսին, մինչդեռ շատերի մոտ այն տեսակետն է, որ խոշորներն են ապահովում»,-ասաց նա:

Ըստ նրա, այդ ոլորտում պետք է հավասար մրցակցություն ապահովել, փոքր բիզնեսը չնչին իմպուլսի կարիք ունի զարգանալու համար:

Մակարյանը հավելեց, որ երկրում աշխատանքային պայմանագրեր կնքելու մշակույթը ձևավորված չէ, քանի որ գործատուն հաճախ չի պատկերացնում, թե չգրանցված աշխատողի դեպքում ինչ խնդիր կարող է ունենալ: Որպես թարմ օրինակ նա նշեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրը. մարդիկ չեն ուզում գրանցվել, որպեսզի իրենց աշխատավարձից չպահեն:

«Գործատուների վերաբերմունքը կուտակայինին բավական բացասական է, հույս ունենանք, որ որոշակի ռեժիմի կասեցում կունենանք, բոլոր դեպքերում մենք գտնում ենք, որ այդ ռեֆորմը վաղաժամկետ է: Եվ ես բազմիցս ասել եմ, որ նոր Կառավարությունն առաջին հերթին պետք է այն խնդիրներով զբաղվի, որով այսօր մտահոգված է հասարակությունը»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանը նկատեց, որ Հայաստանում գործազրկության ցուցանիշն իրականում ավելի բարձր է: Մարդիկ եթե ռեգուլյար չեն աշխատում, դա չի նշանակում, որ նրանք լիարժեք զբաղված են:

Իսկ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ բանախոսը կարծիք հայտնեց, որ այսօր օրվա խորհուրդը փոխվել է, այն վերածվել է սովորական հանգստյան օրերից մեկի: