Բավ է պառակտվել
05-12-2017 12:18

ԱԺ-ն հրաժարվեց քննարկել ԵՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարության նախագիծը

Երեքշաբթի օրը կայացած ՀՀ ԱԺ նիստում պատգամավորները հրաժարվեցին քննարկել «Ելք» խմբակցության կողմից առաջարկված՝ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարության նախագիծը:
Խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ (76 պատգամավոր) դեմ քվեարկեցին տվյալ հարցը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ներառելուն: Փաստաթուղթը քննարկումների օրագարգում ներառելուն կողմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության վեց պատգամավորներ:
Տվյալ փաստաթղթի ընդունումը բավական կլիներ ԵՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու գործընթացը սկսելու համար: Նախագծի հեղինակների կարծիքով Եվրասիական միությունը սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները, այդ թվում նաև այլ երկրների հետ առևտրային հարաբերությունների հաստատման տեսանկյունից:
Նախաձեռնության հեղինակները փաստաթղթի նախագծում մասնավորպես նշել են, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո մի շարք սոցիալ-տնտեսական ոլորտներում զգալի հետընթաց է գրանցվել, բացի այդ չի բարձրացել նաև երկրի անվտանգությունը:
«ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ(345,8 մլրդ դոլար), իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի(167,3 մլն դոլար)», - ասված է հայտարարության նախագծում:
Հայտարարությունը նախաձեռնողները մտահոգություն են հայտնում, որ Եվրասիական միությունը սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները՝ այլ երկրների, այդ թվում նաև հարևան Վրաստանի և Իրանի հետ առևտրային հարաբերությունների հաստատման տեսանկյունից:
Փաստաթղթի հեղինակները նաև հայտարարում են, որ ԵԱՏՄ համաձայնագրով երաշխավորված մի շարք դրույթների խախտման ճանապարհով չի ապահովվում աշխատուժի, ապրանքների, ֆինանսական միջոցների և ծառայությունների ազատ տեղաշարժը:
Նրանք նաև դժգոհություն են հայտնելՂարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՏՄ անդամ երկրների վարած քաղաքականության հետ կապված:
«Փաստելով ԵԱՏՄ անդամ երկրներում առկա ավտորիտար ավանդույթների շարունակական ներմուծումը Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգ, քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների աճը ԵԱՏՄ անդամակցությունից հետո և ծայրահեղ վտանգավոր ու անընդունելի համարելով այս գործընթացի հետագա շարունակությունը, Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասը, Հայտարարում է՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի»,- ասված է փաստաթղթում։
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները տվյալ փաստարկները անվանել են անհիմն, ընդգծելով, որ ցանկացած միություն ինստիտուցիոնալ կայացման կարիք ունի, և նույնիսկ ԵՄ-ն մինչ օրս շտկում է իր կառույցները, որոնք 60 տարիների ընթացքում դեռ չեն կայացել: