Բավ է պառակտվել
22-09-2015 14:01

Հայաստանյան հինգ ընկերություն մասնակցում է «TextilLegProm 2015»-ին

Հայաստանյան 5 արտադրողներ սեպտեմբերի 22-25-ը Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «TextilLegProm 2015» 45-րդ միջազգային ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսին: Ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի 42 երկրների ավելի քան 2500 ընկերություններ: Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդմամբ, հայկական ընկերությունները ներկայացնում են տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի, բաճկոնների գունեղ ու նորաձև հավաքածուներ: Այս տարի ակնկալվում է ավելի քան 30 000 այցելու, որոնց շարքում մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, առևտրային դիստրիբյուտորներ, տարբեր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ ու ներմուծողներ են: Ցուցահանդեսն ունի նաև հագեցած գործարար ծրագիր` համաժողով, կլոր սեղաններ, շնորհանդեսներ ու մրցույթներ: Հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության աջակցության ծրագրի շրջանակում: «Այս ցուցահանդեսը հարթակ է մասնակից արտադրողների և մեծածախ գնորդների միջև պայմանավորվածությունների ձեռքբերման, պայմանագրերի կնքման, նոր գործընկերային հարաբերություննեի ստեղծման և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման համար: Առկա է նաև մանրածախ առևտուր իրականացնելու հնարավորություն, որից հայաստանյան արտադրողները կարող են հաջողությամբ օգտվել, նոր գործարար կապեր ստեղծել և շահավետ պայմանագրեր կնքել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: