Բավ է պառակտվել
07-10-2016 11:38

Հայկական մոցարելան Ռուսաստանում հաջողությամբ փոխարինում է եվրոպական պանիրը

Ռուսական տաղավարներում աճում է հայկական պանիրների տեսականին, որոնք փոխարինում են մթերային բեռնարգելքից հետո ռուսական շուկայից դուրս բերված եվրոպական տեսակները:

«Հայաստանի` պանրի խոշորագույն արտադրողներից մեկի աղի լողավազաններում հասունանում է հանրաճանաչ հոլանդական գաուդայի նոր խմբաքանակ: 2014 թ.-ին ՌԴ-ի կողմից եվրոպական ապրանքների նկատմամբ մթերային բեռնարգելք սահմանելուց հետո միայն այստեղ մոտ երեք անգամ ավելացել է տեսականին և արտադրության ծավալները: Հայ պանրագործների նախկին գործընկերները և նոր հաճախորդները հատկապես գնահատում են համը, որը տալիս է ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա արածող կովերի կաթը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության համաձայն, Ռուսաստանը Հայաստանից արտահանվող կաթնամթերքի ծավալներով առաջին տեղում է: 2015 թ.-ին Ռուսաստան է մատակարարվել 9 հազար տոննա պանիր` ազգային և եվրոպական տեսակի, այս տարի թիվն ավելի մեծ կլինի: Միաժամանակ, կառավարությունը որոշում է կայացրել խթանել պանրի արտադրության ընդլայնումը:

«Այժմ երկրում երկու ծրագիր է իրականացվում: Համաձայն մեկի` Եվրոպայից Հայաստան են բերվում կովերի նոր ցեղատեսակներ, որոնք առանձնանում են բարձր արտադրողականությամբ: Երկրորդ ծրագիրը կոոպերատիվ ֆորմերային տնտեսությունների զարգացումն է: Երկու ծրագրերն էլ թույլ կտան կտրուկ մեծացնել կաթի արտադրությունը, ինչը պանրի արտադրության հիմք կդառնա», - պարզաբանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

Ռուսաստանի և Հայաստանի պանրի ապրանքաշրջանառության զարգացման վրա ազդում են նաև պայմանները, որոնք ստեղծվել են ԵՏՄ անդամ-երկրների համար: Նշանակալիորեն պարզեցվել է մաքսային դեկլարացիայի ձևակերպման ընթացակարգը, ներմուծվել է փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային համակարգ: Հայ պանրագործներն իրենց հերթին համոզված են, որ արդեն այսօր պատրաստ են գոհացնել Ռուսաստանի ամենաքմահաճ գուրմաններին:

«Հայաստանում պանրի արտադրությունը բավական լավ է զարգացած: Ավելի լավ, քան Խորհրդային Միության հարևան երկրներում։ Բայց մենք այդքանի վրա կանգ չենք առնի և կշարունակենք զարգացնել ոլորտը: Հայաստանում պանիր արտադրողները շատ են, սակայն միայն չորս ընկերություն է արտահանմամբ զբաղվում: Իսկ դա քիչ է», - նշել է Հայաստանի` Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

Արդյոք, կփոխարինի ամբողջությամբ հայկական մոցարելան իտալականին, դժվար է ասել, սակայն Հայաստանն արդեն հասնում է ռուսաստանյան շուկայի իր մրցակիցներին` Բելառուսին և Սերբիային:

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով, առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պանրի և կաթնաշոռի արտահանման ծավալն աճել է 27,9 տոկոսով` կազմելով 3300 տոննա (մաքսային արժեքը կազմել է 8,4 մլն դոլար): Ընդ որում, արտահանվող պանրի և կաթնաշոռի 99 տոկոսը կամ 3269 տոննան բաժին է ընկել Ռուսաստանին (26,9 տոկոսի աճ):

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում պանրի արտադրությունը հունվար հունիս ամիսներին կազմել է 9 451,7 տոննա, ինչը 7,4 տոկոսով ավել է նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի ցուցանիշից: