Բավ է պառակտվել
15-10-2015 13:20

Երևանում կայացել է հայ-իրանական միջկառավարական գործարար համաժողով

ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական գործարար համաժողովը: Ինչպես համաժողովի բացմանը նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իրանցի գործընկերների հետ համագործակցությունը կարող է հետաքրքիր լինել զբոսաշրջության, մշակվող արդյունաբերության, տեքստիլի, տրանսպորտի ոլորտներում. «Այս ամենը խոսում է ներդումային և գործարար բազմաթիվ հնարավորությունների մասին»: «Մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը, հարաբերությունների զարգացման առումով կարևոր նշանակություն ունի: Երկկողմ տրանսպորտային փոխադրումների ակտիվացման առումով կարևոր է արդեն մեկնարկած Հյուսիս- Հարավ ճանապարհահատվածի միջանցքի ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը: Չեմ կարող չանդրադառնալ նաև էներգետիկ ոլորտում մեր համագործակցությանը: Մասնավորապես, Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի և Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագրին: Վստահ եմ, որ այդ ծրագրերը նոր թափ կհաղորդեն տարածաշրջանային զարգացմանը»,- ասաց վարչապետը: Նրա խոսքերով՝ այս համաժողովը կօգնի նաև բացահայտել Հայաստանը՝ որպես հնարավորությունների երկիր, աշխարհագրական դիրքով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձևաչափով երկիր, որտեղ յուրաքանչյուր նոր նախաձեռնության նկատմամբ կլինի առանձնահատուկ, գործարարների կարիքների վրա հիմնված մոտեցում: Հ.Աբրահամյանը հայտնեց նաև, որ նոյեմբերին նախատեսվում է Թեհրանում կազմակերպել հայ-իրանական գործարար համաժողով, որին իրենց մասնակցությունը կբերեն հայ գործարարները: