Բավ է պառակտվել
28-10-2015 11:14

Բիզնես սկսելու առումով ՀՀ-ն աշխարհում լավագույն երկրների շարքում է

Այսօր հրապարակվել է «Doing Business 2016»-ը՝ Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում զեկույցը, որի համաձայն տարածաշրջանի 25 երկրներից 23-ում արձանագրվել է 58 բարեփոխում: Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից: «Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները: Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Եվ, իհարկե պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում: Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը: Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը այս տարի ամենաբարձր ցուցանիշից իր հեռավորությամբ 2 միավորով առաջացել է: Համեմատության համար նշենք, որ ԵԿԱ տարածաշրջանի երկրների համար այդ ցուցանիշը միջինում 1-ից ցածր է եղել:

Մասնավորապես բարելավումներ են արձանագրվել հետևյալ ուղղություններով՝

Բարեփոխումները սահմանային առևտրի ուղղությամբ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:

Բարեփոխումները պայմանագրերի կիրարկման ուղղությամբ՝ նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում:

Բիզնես սկսելու առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում:
Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է:
Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրացման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր»,- նշված է ՀԲ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: