Բավ է պառակտվել
25-01-2018 11:41

ՀՀ-ն 2017թվականն ավարտել է վերջին 5 տարում տնտեսական ռեկորդային ակտիվությամբ

2017 թվականի օպերատիվ վիճագրական տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,7 %-ով, այս մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճագրական ծառայությունը:

Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ վերջին անգամ երկրի տնտեսական աճը 7 %-ի մակարդակում գրանցվել է 2012 թվականին: 2012 թվականին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,2%, 2013-ին` 3,5%, 2014-ին` 4,1%, 2015-ին` 3%, 2016-ին` 0,7%:

Ընդ որում, 2012 թվականից հետո առաջին անգամ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը ոչ միայն կկատարի պետբյուջեում ամրագրված թիրախային նպատակը, այլև առաջին անգամ կգերազանցի այն: Ըստ պետբյուջեի, Հայաստանի տնտեսության աճը 2017 թվականին սահմանվել էր 3,2%:

ԱՎԾ-ի տվյալների համաձայն, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշն ապահովել են արդյունաբերության ոլորտը, որն աճել է 12,6%-ով` հասնելով 1 660,9 մլրդ. դրամի, առևտրի ոլորտը` 14%-ով` հասնելով 2 602,1 մլրդ դրամի, ծառայությունների ոլորտը` 14.4%-ով` հասնելով 1 453,5 մլրդ դրամի, ինչպես նաև շինարարության ոլորտը` 2,2%-ով` հասնելով 415,8 մլրդ դրամի:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3%-ով, կազմելով՝ 906,7 մլրդ դրամ:

2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին երկրում արձանագրվել է 1%-ի չափ գնաճ, իսկ 12 ամիսների գնաճը կազմել է 2,6%: Ըստ պետբյուջեի, 2017 թվականին Հայաստանում գնաճը նախատեսված է 4% -ի սահմանում (±1,5%):

Բացի այդ, 2017 թվականին Հայաստանն ապահովել է արտահանման ռեկորդային ծավալ` 2 242,9 մլն դոլար (25,2%-ի աճ): Միևնույն ժամանակ, ներմուծումը կազմել է 4 182,7 մլն դոլար (27,8%-ի աճ): Արդյունքում, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թվականի ավարտին կազմել է 6 425,6 մլն դոլար ( 26,9%–ի աճ):