08-11-2017 13:44

Հայաստանում գործարկվել է երկրի ամենախոշոր արևային կայանը

Երեքշաբթի օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է երկրի խոշորագույն արևային կայանի՝ 1 ՄՎտ. հզորությամբ « Թալին-1»-ի գործարկմանը:
Ինչպես հաղորդում են կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունից, արևային կայանը տեղակայված է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
Բացման արարողության ընթացքում նշվել է, որ այդ եզակի նախագիծն իր արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտների համար:
Նախագիծն իրականացվել է մի խումբ հայ ներդորղների (Էդուարդ Մարության, Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան, Հայկ Չոբանյան) կողմից և համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KFW բանկի կողմից՝ վերականգնվող էներգիայի աջակցության ծրագրի շրջանակներում: Ծրագիրը կյանքի է կոչել«Solar Production» ընկերությունը: Էլեկտրակայանի նախագծումն ու շինարարությունը կատարել է «Arpi Solar »ընկերությունը։
Կայանի բացման արարողությունից հետո վարչապետը հանդիպել է Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի(Urban Rusnák) հետ:
Հանդիպման ընթացքում Կարապետյանն ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտը հայկական տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է, և պետությունը կարևորում է այս բնագավառի դիվերսիֆիկացումը՝ իրականացնելով տարբեր նախագծեր: Ուրբան Ռուսնակն իր հերթին ողջունել է ՀՀ կառավարության քայլերը՝ էներգետիկ անվտանգության ապահովման կոնտեքստում:
Հայաստանի առաջին արևային կայանը՝ 0,5 ՄՎտ հզորությամբ «ԱրևԷկ»-ը, գործարկվել է սեպտեմբերի վերջին՝ զբոսաշրջային Ծաղկաձոր քաղաքում: Այն կառուցվել է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնող «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերության կողմից: Արևային կայանի շինարարությունն արժեցել է մոտ 500 հազ. դոլար:
Մինչ տարեվերջ Հայաստանում նախատեսվում է գործարկել յոթ նոր արևային կայան: Ծրագրվում է կայաններ կառուցել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում: Լիցենզիաները վավեր կլինեն մինչև 2038թ.: Բոլոր յոթ կայանները պետք է գործի դրվեն եկող տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ կարգավորիչը տրամադրել է 11 լիցենզիա՝ մինչև 1 մեգավատ հզորությամբ կայաններ կառուցելու համար: Մեկ կայանի ներդրումային արժեքը կազմում է 1 մլն դոլար: Նոր կայանների գործարկումը կազդարարի ծրագրի առաջին փուլի ավարտը, ինչի արդյունքում ծրագրված է կառուցել կայաններ, որոնց ընդհանուր հզորությունը կլինի 10 ՄՎտ:
2015թ. ամռանը Հայաստանում մեկնարկել է 58 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որն ուղղված է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Ծրագիրը նախատեսված է 5-6 տարվա համար, և իրականացվում է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից՝ Կլիմայական ներդրումային հիմնադրամի (Climate Investment Funds), ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:
Ծրագրի հիմնական փուլը մեկնարկում է 2017թ: Դրա ավարտվելուն պես Հայաստանում նախատեսվում է կառուցել 40-50 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, որոնք պատրաստ կլինեն հանձնվելու շահագործման 2020 թվականին: