Բավ է պառակտվել
06-07-2017 18:46

Հայաստանը ԵՏՄ-ում. Ներկայացվել են երկու տարվա աշխատանքի արդյունքները

Երեքշաբթի օրը Երևանում տեղի ունեցած « Հայաստանի Հանրապետություն. Երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» անվանումը կրող կլոր սեղանի շրջանակներում ներկայացվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության երկու տարիների արդյունքները:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Եվրասիական տնտեսական կոմիտեի ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վոլովայան, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով Կոնեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:
Կոնֆեռանսին ներկա են եղել նաև Ռուսաստանի Դաշնության, Չեխիայի Հանրապետության, Բելոռուսի և Ղազախստանի դեսպանատների ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտական և բիզնես համայնքի ներկայացուցիչներ:
Շուկայի ընդլայնում և ներդրումային միջավայրի բարելավում
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքերով եվրասիական ինտեգրումը չնայած կարճ ժամանակահատվածին, դրական է անդրադարձել հայկական տնտեսության վրա:
«Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճում է: 2016թ. Հայաստանից ՌԴ արտահանվող մշակված արտադրանքի արտահանումը աճել է 51, 3%-ով: Իսկ դեպի ԵԱՏՄ անդամ այլ երկրներ՝ մի քանի անգամներ»,- ասել է նա:
Նախարարի խոսքերով, ԵԱՏՄ անդամությունը հնարավորություն է տվել ընդլայնել Հայաստանի արտահանման շուկան, ինչպես նաև նպաստել է երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը:
«Մեր առաջին արդյունքը՝ շուկաների ազատությունն է, որը տրամադրում է ԵԱՏՄ-ն: Երկրորդը՝ ներդրումային միջավայրի գրավչությունը: Այժմ ներդրում անելով Հայաստանում, ներդրողները ելք ունեն դեպի ավելի լայն շուկա: Նրանք ՀՀ-ն գնահատում են իբրև երկիր, որը երաշխավորում է ելքը դեպի 180- միլիոնանոց շուկա»,- ընդգծել է նախարարը:
Կարայանն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, երկիրը կարող է էներգակիրներ ներկրել՝ առանց մաքսային տուրքերի: Նա կարևոր է համարում նաև միգրացիոն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս ԵԱՏՄ արտահանել նաև ծառայություններ: Միևնույն ժամանակ պատասխանելով լրագրողներ հարցերին նախարարն ասաց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման արդյունքում զգալի բացասական կողմեր չեն նկատվում:
« Եթե մենք չանդամակցեինք միությանը, ապա ավելի խոշոր տնտեսական խնդիրներ կունենայինք»,- հավելել է նա:
Հայաստանը առաջատար է դարձել մի շարք ցուցանիշներով
Եվրասիական տնտեսական կոմիտեի ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վոլովայան նշել է, որ արդյունաբերության զարգացման, ինչպես նաև ՀՆԱ-ի աճով և դեպի ԵԱՏՄ շուկա արտադրանքի արտահանման տեմպերով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շրջանում առաջատար է:
«2016թ. արտահանումն ավելացել է 52%-ով: Եվ արտահանման տեսակարար կշռի ընդհանուր ծավալների մեջ ավելացել է 15.9%-ից 22% -ով»,- ասել է նա:
Նախարարը նաև նշել է, որ փոխադարձ առևտրի ծավալը 2017 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.4%-ով՝ կազմելով 102.5 մլն դոլար` 2014 թ.-ի մակարդակը գերազանցելով 49%-ով:
«Հայաստանի Հանրապետությունը առաջատար դիրք է զբաղեցնում ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում ՀՆԱ-ի աճի տեմպերով: 2017 թ.-ի արդեն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրի ՀՆԱ-ն գրանցել է 6.5% աճ»,- նշել է նա:
Վոլովայան վստահ է, որ երկրի երկուս ու կես տարվա անդամությունը ԵԱՏՄ-ին՝ բավական բեղումնալի էին: Նրա խոսքերով, Հայաստանը շատ մեծ ինտեգրացիոն ազդեցություն է ստացել, ինչի մասին է վկայում տնտեսական ցուցանիշների աճը:
«Ես համամիտ եմ կառավարության հետ (Հայաստանի՝ խմբ): Եթե այլ իրավիճակ լիներ, ապա այդ ցուցանիշներն այսքան լավը չէին լինի»,- ասել է նա:
Վալովայան նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի կազմավորումն ու Հայաստանի անդամակցումը տեղի է ունեցել բավական ծանր ժամանակահատվածում՝ 2015թ, երբ առկա էր տնտեսական ճգնաժամ, էներգառեսուրսների գների անկում՝ ինչը ազդում էր եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրների վրա:
« Բայց եթե մենք այդ ժամանակ չգործարկեինք Եվրասիական տնտեսական միությունը, ապա բոլորս կսկսեինք պաշտպանել մեր ազգային շուկաները, կլիներ պրոտեկցիանիզմ, փոխադարձ առևտրիսահմանափակում և մեծ խնդիրներ: Տվյալ պարագայում մենք պահպանել ենք բաց շուկան »,- ասել է նա:
ԵԱՏՄ-ի պոտենցյալը դեռ լիովին չի օգտագործվում
ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը գտնում է, որ ԵԱՏՄ-ն հսկայական պոտենցյալ ունի:
«Կա Եվրամիության փորձը, որի հետ մենք համեմատում ենք մեր առաջընթացը: Բայց մենք հիմնվում ենք նրանց նվաճումների վրա հիմա, և հաշվի չենք առնում, թե որքան է տևել այդ ուղին»,- հավելել է փոխվարչապետը:
Այդ կապակցությամբ նա նշել է, որ ընդհանրություններ անել դեռ վաղ է: Սակայն, նրա խոսքերով, Հայաստանը Եվրասիական ինտեգրումից բավական մեծ սպասումներ ուներ, և դեռևս դժվար է ասել՝ արդարացվե՞լ են դրանք, թե՞ ոչ: Ընդհանուր առմամբ Գաբրիելյանը չի կասկածում ԵԱՏՄ-ի հսկա պոտենցիալի վրա, բայց գտնում է, որ այն դեռևս լիովին չի օգտագործվում: