Բավ է պառակտվել
06-12-2017 11:38

Հայաստանը վավերացրել է ԵԱՏՄ Մաքսային օրենսդրության մասին համաձայնագիրը

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ-ն 82 կողմ և 5 դեմ ձայներով վավերացրեց «ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին» համաձայնագիրը:
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, օրենսգիրքը դյուրացնում է մաքսային գործընթացները ԵԱՏՄ տարածքում:
Նրա խոսքերով, փաստաթուղթը ենթադրում է մաքսային գործընթացների զգալի բարելավում՝ կրճատվում են փաստաթղթերի մշակման ժամկետները, պարզեցվում են մաքսային ընթացակարգերը, նվազագույնի են հասցվում տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև շփումները:
«Նախատեսվում է նվազեցնել մաքսային հայտարարագրերի ընդունման վերջնաժամկետը, հայտարարագրերը առանց ուղեկցող փաստաթղթերի ներկայացնելու հնարավորություն ընձեռել, ինչը հայկական սուբյեկտների համար նորություն է», - ասել է Միրումյանը:
Նա նշել է, որ նախատեսվում է նաև մեկ ամսով մաքսատուրքի վճարման երկարաձգում, և վճարում էլեկտրոնայաին հաշիվներով՝ նույնիսկ գիշերային ժամերին, իսկ ժամանակավոր ներմուծման հնարավորությունը երկարաձգվել է՝ կես տարիից հասնելով մեկ տարու:
Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները կմշակեն համապատասխան ձեռնարկ և դրա միջոցով գործարարներին կծանոթացնեն օրենսգրքի դրույթներին: Այս առումով, նա հավաստիացրեց, որ Կոմիտեն ամեն ինչ կանի, որպեսզի Մաքսային օրենսգրքի իրականացման ժամանակ տնտեսվարող սուբյեկտները խնդիրներ չունենան:
«Մաքսային օրենսգիրքը նախատեսում է 2020 թվականից անցնել ամբողջությամբ էլեկտրոնային հայտարարագրման, դա վերաբերվում է նաև մաքսային պահեստներից ապրանքների բացթողմանը: Դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտներն այլևս ստիպված չեն լինի փաստաթղթերն անձամբ ներկայացնել մաքսային կետեր: Ապրանքները ստանալու համար բավական կլինի միայն ուղարկել էլեկտրոնային փաստաթղթերը»,- ասել է Միրումյանը:
Համաձայնագրի նպատակը ԵԱՏՄ երկրների միասնական մաքսային կարգավորման ապահովումն է: Մաքսային օրենսգիրքը նպատակաուղղված է մաքսային գործընթացների օպտիմալացմանը, մաքսային կանոնների հետագա ազատականացմանը և ԵԱՏՄ-ի շրջանակներում առանձին գործող պայմանագրերի կանոնակարգմանը: Օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի 2018 թվականի հունվարի 1-ից:
Մաքսային օրենսգրքի նորմերը ենթադրում են մաքսային ընթացակարգերի պարզեցում, մաքսային գործընթացների ավտոմատացում, «մեկ պատուհան» մեխանիզմի կիրառում, ապրանքների բացթողումից հետո վերահսկողության շեշտերի տեղափոխում, ԵԱՏՄ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունում ապրանքների շարժի դիտարկում:
Փաստաթղթի դրույթները փոխում են լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի նկատմամբ մոտեցումները, ինչպես նաև զգալի փոփոխություններ են մտցնում և՛ մաքսային վճարումների հավաքագրման կարգում, և՛ մաքսային վարչարարությունում:
Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային գործընթացները էլեկտրոնային դարձնելը, էլեկտրոնային հայտարարագրման ժամանակ փաստաթղթերի տրամադրումը մերժելը,և տեղեկատվական համակարգերի միջոցով, առանց մաքսայինի աշխատակիցների անմիջական մասնակցության մաքսային գործողություններ իրականացնելու հնարավորությունը:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է 2015 թ. հունվարի 1-ից գործող Մաքսային միության և միաստական տնտեսական տարածության հիմքի վրա:
Այժմ ԵԱՏՄ- ի անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: