Բավ է պառակտվել
30-05-2016 15:03

Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից 15 միլիարդ դրամ է ստացել

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից այս տարվա 4 ամիսների ընթացքում Հայաստանը ստացել է 15 միլիարդ 438 դրամ գումար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Անցած տարի ողջ տարվա կտրվածքով մենք Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջեից ստացել էինք ավելի քան 53 մ իլիարդ դրամ: Այս տարի էլ կարող ենք ասել, որ ԵԱՏՄ ընդհանուր ֆոնդից մեր մասնաբաժինը գրեթե նույնն է մնալու»,- նշեց Ալավերդյանը:
Դիտարկմանը, թե նախատեսվում էր ավելի շատ գումար ստանալ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից, Ալավերդյանը պարզաբանեց, որ դա պայմանավորված է Ռուսաստանում և ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում ներմուծման էական նվազմամբ: «Այդ երկրներում ներմուծումները շատ մեծ տեսակարար կշիռ են կազմում և, երբ դրանք նվազում են, ընդհանուր ֆոնդ ավելի քիչ գումար է գնում, ինչն էլ ազդում է նաև այդ ֆոնդից մեր եկամուտների վրա»,- ասաց նա:
Արմեն Ալավերդյանը հստակեցրեց նաև, որ ԵԱՏՄ-ից սպասվող օգուտների վերաբերյալ նախնական կանխատեսումներն արվել են 2014թ. տնտեսական ցուցանիշների հիման վրա, սակայն 2015թ. Ռուսաստանի տնտեսական աճը էական տեղաշարժերի է ենթարկվել, ինչն էլ անդրադարձել է ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից սպասելիքների վրա: