Բավ է պառակտվել
23-11-2017 15:09

ՀՀ-ն նշել է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության համար անհրաժեշտ նախապայմանները

Հայաստանը միայն մեկ պայմանով կողջունի ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամությունը կամ միությունում դիտորդի կարգավիճակի ստանձնումը, այսօր՝ նոյեմբերի 23-ին, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողական-ներկայացուցչական կազմի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց ինտեգրացիոն միություն է և Ռուսաստանը շատ ուրախ կլինի այդ կառույցում տեսնել Ադրբեջանին:
«ԵՏՄ-ում Ադրբեջանի ներկայությունը, նույնիսկ դիտորդի դերում, կնշանակի ԵՏՄ-ի պայմանագրի կետերի կատարում, մասնավորապես, Միության անդամը չպետք է գործի այնպիսի քայլեր, որոնք կվնասեն անդամ երկրներին, կամ ընդհանուր առմամբ ԵՏՄ-ին»,- ասել է Քոչարյանը:
Նա ընդգծել է, որ դա ենթադրում է, որ եթե Ադրբեջանն ինչ-որ կերպ ցանկանում է մոտենալ ԵՏՄ-ին, ապա չպետք է նման քայլեր գործի:
Փոխնախարարի խոսքերով, եթե խոսքը գնում է տնտեսական գոտու մասին, ապա բավական է նշել, որ Ադրբեջանը շրջափակման է ենթարկում Հայաստանի հետ սահմանները, և ակներև է, որ դա կատարվում է ի վնաս ԵՏՄ անդամ երկրի:
« Այդ պատճառով մենք կողջունենք ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումը, կամ դիտորդի կարգավիճակի ստանձնումն այն դեպքում միայն, եթե այն կատարի ԵՏՄ դիտորդ երկրի, կամ անդամի համար նախատեսված պարտավորությունները: Իսկ դա նշանակում է, որ այն պետք է դադարեցնի Հայաստանի շրջափակումը, ռազմատենչ գործողություններն ու հայատյացությունը»,- ասել է Քոչարյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս:
1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: