Բավ է պառակտվել
03-07-2017 18:55

Հայաստանը կարող է արգելել մի շարք երկրներից գյուղմթերքի ներկրումը

Հայաստանը պետք է օրենսդրական արգելք ձևավորի կոնկրետ երկրներից գյուղատնտեսական մթերքի ներմուծման վրա, երկուշաբթի օրը 2016 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այդ մասին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Ավելի վաղ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունիս ամսին կանխվել է ադրբեջանական ծագման մի շարք մթերքների ներմուծումը: Սահմանային «Բավրա» անցակետի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաներում ադրբեջանական ծագման կես տոննայից ավելի սննդի աղ և թեյ են հայտնաբերել: Իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ապրիլին իրականացրած մասշտաբային ստուգումների ընթացքում հայտնաբերել էր Ադրբեջանից ներմուծված խնձորի վաճառքի դեպքեր:
« Մենք Ադրբեջանից ներմուծվող գյուղատնտեսական մթերքի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չունենք, բայց դատելով ԶԼՄ-ների հայտարարություններից, մենք անընդհատ օգտագործում ենք ադրբեջանական մթերքներ»,- ասել է Առաքելյանը:
Ընդ որում նախարարն ընդգծել է որոշ երկրներից գյուղատնտեսական մթերքի ներկրման արգելքի քաղաքականության ներդրման անհրաժեշտությունը:
« Առայժմ օրենքի շրջանակներում նման քաղաքականություն չկա, ապրանքներն այդ երկրներից (Ադրբեջան՝ խմբ.) կարող են ներմուծվել Հայաստան՝ օրինական հիմքերով»,- ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ այսօրվա դրությամբ խնդիրներ կարող են ծագել միայն նմանատիպ ապրանքների ապօրինի ներմուծման պարագայում: