Բավ է պառակտվել
12-05-2016 16:43

ՀՀ-ն ԵՏՄ միակ երկիրն է, որի տնտեսական աճի տեմպը 2015թ. աճել է. Տատյանա Վալովայա

2015թ. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության միակ երկիրն էր, որի տնտեսական աճի տեմպը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ աճել է. Մոսկվայից միացումով մուլտիմեդիոն մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԵՏՄ Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, ով այդ շարունակական աճը պայմանավորեց նաև ԵՏՄ անդամակցությամբ:
Ըստ նրա՝ հատկապես ԵՏՄ նոր անդամ երկրի համար է ազդեցությունը նկատելի լինում տնտեսության համար:
«Այս դրական ազդեցությունն անցած տարի Հայաստանը ստացել է և շարունակում է ստանալ 2016թ.»,-ասաց նա:
Թե ինչ պետք է արվի Հայաստանի արտահանման ծավալները մեծացնելու համար, Տատյանա Վալովայան պատասխանեց, թե դրա համար կան բոլոր հնարավորությունները:
«Չկան մաքսային սահմանափակումներ, ամեն ինչ կա ընդլայնելու համար, հիմա հարցը արդեն բիզնես դաշտում է, և կա մեծ հնարավորություն շահավետ պայմաններով ապրանքներ արտահանելու ինչպես ՌԴ, այնպես էլ մյուս անդամ երկրներ: ՀՀ-ում շատ տնտեսվարողներ արդեն իսկ օգտվում են այդ հնարավորությունից»,-ասաց նա և նշեց, թե ռուսական շուկայում շատ է նկատում հայաստանյան ապրանքատեսակներ:
Ըստ Տատյանա Վալովայայի՝ Հայաստանից Բելառուս հայկական ապրանքների արտահանման ծավալներն անցած տարվա հունվար-փետրվար ամիսներին 45 տոկոսով աճել են այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4 անգամ աճել է ապրանքների արտահանումը Ղրղըզստանի հետ, իսկ ՌԴ արտահանումը երկու անգամ աճել է:
«Դա խոսում է այն մասին, որ տնտեսվարողները հասկացել են շուկայի հնարավորությունների մասին: Պետք է ավելի ակտիվ լինել»,-ասաց նա և նշեց, որ եթե հանդիպում են որոշ խոչընդոտների, կարող են դիմել Կոմիտեին:
Հարցին, թե մոտ ժամանակներում հնարավո՞ր է՝ ԵՏՄ-ն անցնի միասնական փոխարժեքի, ԵՏՄ Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարարը նշեց, որ չի տեսնում ընդհանուր արժույթի որևէ անհարժեշտություն: «Դրա համար չկան ոչ պայմաններ, ոչ էլ պահանջարկ»,-ասաց նա և նշեց, թե հաշվի են առել նաև ԵՄ-ի փորձը, որտեղ մինչև ճգնաժամը տնտեսությունը զարգացել է, բայց շատ քայլեր, որ պետք է անել մինչև միասնական փոխարժեքը, չի արվել: «Եթե մեկ միասնական վալյուտա լինի, պետք է շատ բարձր ինտեգրված շուկա ունենանք, իսկ քանի դեռ այդ միասնական շուկան չկա, միասնական փոխարժեք ունենալու խնդիր էլ դեռևս չկա»,-ասաց նա: Ի դեպ, նոր անդամ երկրների ինտեգրացիոն գործընթացներ սկսելու նախադրյալներ ևս, ըստ պաշտոնյայի, դեռևս չկա: Ըստ նրա՝ ԵՏՄ-ի ընդլայնումն այլ երկրների ներգրավմամբ ինքնանպատակ չպետք է լինի: «Այս պահին դեռևս չկան այս կամ այն երկրի հետ տարվող քննարկումներ ինտեգրման հարցով, բայց կան պետություններ Եվրասիական տարածքում, որոնց համար ԵՏՄ-ի դռները բաց են»,-ասաց նա: