Բավ է պառակտվել
07-02-2018 14:35

Հայաստանը պետք է ընդլայնի թռիչքների աշխարհագրությունը և բյուջետային ավիաուղիներ ներգրավի. վարչապետ

Հարկավոր է աշխատել թռիչքների աշխարհագրության ընդլայնման ու բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ, չորեքշաբթի օրը կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա համար նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են: 2017թ. դեկտեմբերի 7-ից Հայաստանիօդային տարածքում ներդրվել է «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգը:

Ավետիսյանը նաև հայտնել է, որ պարզեցվել և արդիականացվել է տեղական և օտարերկրյա ավիաընկերություններին օդային հաղորդակցությունների իրականացման համար թույլտվությունների տրամադրման գործընթացը. կրճատվել են նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և թույլտվությունների տրամադրման ժամկետները, ինչպես նաև ներդրվել է «մեկ պատուհանի» սկզբունքը:

Ավետիսյանը վարչապետին տեղեկացրել է նաև այն մասին, որ վարչությունը բիզնես միջավայրի բարելավման և ընթացակարգերի պարզեցման նպատակով նախաձեռնել է հայտերի ներկայացման առցանց համակարգի ներդրում:

Նոր մուտք գործող ավիաընկերություններին «Զվարթնոց» օդանավակայանում առաջարկվում է սակագնային ճկուն քաղաքականություն և զեղչեր:

Կարապետյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը պետք է հասկանա, թե որոնք են իր թույլ կողմերը, և թե ինչ է հարկավոր անել՝ ուղևորահոսքն էլ ավելի մեծացնելու համար:

«Թիվ մեկ խնդիրը, որին մեր ջանքերը պետք է ուղղենք՝ թռիչքների աշխարհագրությունը մեծացնելն է: Երկրորդ, մենք պետք է գնահատենք քայլերը, որպեսզի կարողանանք բյուջետային ավիաընկերություններ ներգրավել»,- ընդգծել է Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նշել է նաև փոքր ավիացիայի զարգացման անհրաժեշտությունը, և հատուկ կարևորություն է տվել դեպի Մեղրի ավիաչվերթերի գործարկմանը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը:

«Մենք մի քանի կետերով և ուղղություններով պետք է ունենանք փոքր ավիացիայի զարգացման ծրագիր»,- ասել է Կարապետյանը:

Ավետիսյանը զեկուցել է, որ փոքր ավիացիայի հետ կապված արդեն իսկ իրականացվում են նախնական միջոցառումներ: