29-01-2014 19:29

Արագածոտնի մարզի 144 համայնքներից միայն 39-ում է ներդրված համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ

 Այսօր, Արագածոտնի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, նշվել է, որ Արագածոտնի մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել է 117միջոցառում. ընդհանուր առմամբ 2013թ. մարզում կատարվել է 35, 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 14,5 մլրդ դրամը` քաղաքաշինության, շուրջ 10 մլրդ դրամը` արդյունաբերության, 8 մլրդ դրամը` գյուղատնտեսության, 1,9 մլրդ դրամը` կրթության բնագավառներում.
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ:
Մարզի համայնքային բյուջեների եկամուտների կատարողականը կազմել է 97,2%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 10.8 %-ով կամ 267,8 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 96.2 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 2.9 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 95.5 %-ով, գույքահարկինը` 100.6 %-ով:
Արմեն Գևորգյանը նկատել է, որ վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունները, որոնցով հստակեցվել են բազաները, հնարավորություն են ընձեռում իրատեսական բյուջեներ կազմել եւ ամբողջությամբ դրանք կատարել: Նա անթույլատրելի է համարել թերակատարումները եւ հատկապես հորդորել հետեւողական լինել, որպեսզի խոշոր հարկատուները ժամանակին կատարեն համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունները: Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի եւ գույքահարկի մասով մարզի համայնքների նկատմամբ խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է 68,7 մլն դրամ:
Քննարկվել են նաեւ մարզում գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացի վերաբերյալ նշվել է, որ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 114 համայնքից 39-ում: Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը եւ անհրաժեշտության դեպքում աջակցել համայնքներին` էլեկտրոնային համակարգերի ներդրման հարցում: