Բավ է պառակտվել
12-02-2014 18:13

"Արմավիայի՛՛ նախկին աշխատակիցները մինչ այսօր չեն ստացել իրենց աշխատավարձերը

՛՛Արմավիա՛՛ ավիաընկերության աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, բողոքելով , որ իրենք մինչ այսօր չեն ստացել իրենց աշխատավարձերը: Նամակում նշված է.
«Հարգելի պարոն նախագահ,
Ձեզ կրկին անգամ բաց նամակով դիմում են «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները: Արդեն 10 ամիս է ինչ դադարել է գործել «Արմավիա» ավիաընկերությունը, սակայն չնայած բազմաթիվ մեր բողոքների տարբեր ատյաններ` Աշխատանքի պետ. տեսչություն, Ավիացիայի գլխավոր վարչություն, ՀՀ կառավարություն, երեք անգամ դիմել ենք նաև Ձեր նստավայր, այնուամենայնիվ, մինչ այսօր չի լուծվել մեր աշխատավարձների, վերջնահաշվարկների և օրապահիկների չվճարված գումարի հարցը:
Դիմել ենք նաև դատարան` մեզ 3 տարի չվճարած օրապահիկների գումարը ստանալու նպատակով: Արդյունքը եղավ ճիշտ հակառակ: Բաղդասարովը ( «Արմավիայի» ֆին. տնօրենի խոսքերով) «սարսափելի զայրացել էր մեր դատարան դիմելու փաստից» և հրաման էր տվել դադարեցնել արդեն իսկ կամաց-կամաց վճարվող աշխատավարձների վճարումը:
Նույն ֆին. տնօրենի միջոցով Բաղդասարովի կողմից մեզ առաջարկություն արվեց ետ վերցնելու դատարանից մեր հայտը, և միայն այդ պայմանով էին համաձայն շարունակելու մեր աշխատավարձների վճարումը: Անօրեն առաջարկությունը մեր կողմից մերժվեց: Դատը կայացավ, դատավճիռը եղավ, բնականաբար, մեր օգտին, սակայն սահմանված ժամկետում մեզ ոչ մի լումա չվճարվեց: Բաղդասարովը նաև հավատարիմ մնաց իր ստոր որոշմանը, իսկապես դադարեցնելով աշխատավարձների վճարումը:
«Արմավիան», որը մինչ այսօր չի հայտարարել իրեն սնանկ և, առավել ևս, չի ճանաչվել, այնուամենայնիվ, հրաժարվում է վճարել աշխատավարձների պարտքը` պատճառաբանելով, որ գումար չունի ( թեպետ մեկ ամիս առաջ վաճառեց 2 CRJ տիպի ինքնաթիռ), իսկ կառավարությունը, ըստ իր հայտարարության, «չունի ոչ մի լծակ» ադդելու մեր երկրում բացարձակ անօրեն վարվող գործատուի վրա:Աշխատանքի պետ. տեսչությունը, որի հետ մենք կապում էինք բազմաթիվ հույսեր, և որը իսկզբանե շատ ջանասեր կերպով սկսեց զբաղվել մեր խնդիրներով, մեր պայքարի ամենակարևոր պահին, չգիտես ինչու, վերակազմավորվեց, կցվեց Առողջապահության նախարարությանը, իսկ ետ վերակազմավորվելուց հետո, միանգամից կորցրեց իր եռանդը: Ձևական գրությամբ օձիքներն ազատեցին` պատասխանելով, որ գործը հանձնել են վարչական դատարան, սակայն մինչ այսօր ոչ մի նիստ չկայացավ:
Խնդրում ենք վերջապես լուծում տալ մեր հարցին և, հանձնարարականներ տալով համապատասխան պետ. մարմիններին, ապահովել օրենքի կատարումը և մեր օրինական պահանջների բավարարումը:
Հարգանքներով, «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներ»: