Բավ է պառակտվել
19-11-2015 13:52

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա 1600 դոլար պարտք կա. Արամ Մանուկյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ լիագումար նիստի մեկնարկին հանդես եկավ արտահերթ ելույթով՝ գովաբանելով 2016թ-ի բյուջեի նախագիծը:Սահակյանը նաեւ նշեց, որ ձեռնարկվող քայլերը բավարար չեն, բայց երկարատեւ գործընթաց է, եւ առաջին հերթին պայմանավորված է երկրի ֆինանսական հնարավորություններով: Նա 2016-ի բյուջեն համարեց հնարավորությունների բյուջե: Գալուստ Սահակյանը կարեւոր համարեց այն, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ կառավարությունը կոնկրետ քայլեր է նախաձեռնում գործարար միջավայրի բարելավման համար: «Մենք գիտենք, որ երկրում կան բազում խնդիրներ, եւ մենք լի ենք վճռականությամբ ապահովելու երկրի զարգացումը: Հանուն մեր քաղաքացիների բարեկեցիկ կյանքի՝ մեր խնդիրը երկրի զարգացումն ու զորացումն է, որին հասնելու համար ունենք եւ քաղաքական կամք, եւ հստակ նշված ծրագրեր»,- հայտարարեց ԱԺ նախագահը: Նա պատգամավորներին կոչ արեց հնարավորություն տալ կառավարությանը առավել արդյունավետ իրականացնելու պետության սոցիալ-տնտեսական խնդիրները: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Վերջինս խոսեց ՀՀ պետական պարտքի ահռելի չափերի մասին եւ ահազանգեց դրա վտանգավորության մասին. «Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա մեր պետական պարտքի բաժինը հասնում է 1590 դոլարի: 1600 դոլար յուրաքանչյուր քաղաքացու վրա պարտք կա, այդ թվում այդ օրը ծնված նորածնի վրա: Գնալով էս թվերը ծանրանալու են՝ եկող տարվա դոլար-դրամ հարաբերության հետ կապված: Սա վաղվա օրը, վաղվա հեռանկարը կործանող բյուջե է եւ լրջագույն պարտքերի տակ գցող այն սերունդներին, այն կառավարությանը, որ վաղն է գալու: Եվ սա ես համարում եմ մսխող բյուջե: Մեր կառավարությունը մսխող կառավարություն է»,- հայտարարեց Արամ Մանուկյանը: