02-08-2014 14:55

Երբևէ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն այսքան լարված չեն եղել.քաղաքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում անրադառնալով Արևմուտք-Ռուսաստանի Դաշնություն հակամարտությանը՝ քաղաքագետ Արա Պապյանը համոզմունք հայտնեց, որ երբևէ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն այսքան լարված չեն եղել. «Սա կարելի է համարել ռուսական երրորդ «հայրենական պատերազմ»»: Ըստ փորձագետի՝ ակնհայտ է, որ այս դիմակայության արդյունքը լինելու է այն, որ Ռուսաստանը պարտվելու է: «Այս դիմակայությունը կար դեռևս տասնյակ տարիներ առաջ՝ ՍՍՀՄ-Արևմուտք ժամանակահատվածում, սակայն այն ժամանակ ՍՍՀՄ-ն ավելի ուժեղ էր, քան ներկայիս Ռուսաստանը, իսկ Արևմուտքն այնքան հզոր չէր, որքան այսօր է»,-ասաց քաղաքագետը:
Անրադառնալով ՀՀ-ի վրա այդ հակամարտության ազդեցությանը Արա Պապյանն ընդգծեց. «Սա մեզ համար վատ է, բայց մեզանից կախված չէ: Այս պատժամիջոցներն էականորեն ազդելու են Հայաստանի տնտեսության վրա: Հայաստանում գործող ռուսական ընկերությունների վիճակը կծանրանա, դա կազդի մեր տնտեսության վրա: Բացի դրանից նաև գիտենք, որ շատ անհատների եկամուտները նույնպես գալիս են ՌԴ-ից՝ տրանսֆերտների միջոցով»:
Եզրափակելով իր խոսքը՝ Արա Պապյանն ասաց, թե մենք մեր հարաբերություններն Արևմուտքի հետ պետք է հնարավորինս հստակեցնենք, քանի որ մեզ համար ակնհայտ է, որ մեր հիմնական թշնամի Թուրքիայի հիմնական զսպող ուժը Արևմուտքն է: