Բավ է պառակտվել
07-07-2014 19:51

Հուլիսի 1-ից գործում է վարձատրության միասնական համակարգը. Ա. Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Դիմիտրինա Դիմիտրովային:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ԱՄԿ-ի օժանդակությամբ իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները։
Ըստ նախարարի՝ 2014թ. հուլիսի 1-ին հանրապետությունում գործելու է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը, որը կարգավորվելու է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով: Համակարգում ներկայացված են հանրային ծառայությունների բոլոր տեսակները, կիրառված են մի շարք գործիքներ, որոնց օգնությամբ կլուծվեն ոլորտում առկա բազմազան խնդիրները:

Զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում իրականացվում են փորձնական ծրագրերի մշակում և իրականացում, մեթոդական աջակցություն, ուսումնական մոդուլների մշակում: Վերջերս ընդունված «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով առաջնությունը տրվում է ակտիվ ծրագրերի իրականացմանը: Կատարելագործվում է «Գործ» տեղեկատվական համակարգը` համալրվելով նոր էլեկտրոնային գործիքներով:

Նախարարը ասել է նաև, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում` ներգրավելով միջազգային և տեղական փորձագետների ուսումնասիրություններն ու դիտարկումները, ինչպես նաև հիմք ընդունելով ստանձնած միջազգային պարտավորություններն ու իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած անհամապատասխանությունները: Նոր օրենքի նախագիծը շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո կներկայացվի ՀՀ կառավարություն:

Դիմիտրինա Դիմիտրովան պատրաստակամություն է հայտնել օժանդակել բոլոր նախաձեռնություններում, տրամադրել մեթոդական ու փորձագիտական խորհրդատվություն: