Բավ է պառակտվել
04-07-2014 14:58

«Մատչելի էլեկտրաէներգիա ստանալու միակ հնարավոր տարբերակը արևային էներգիան է».սոցիոլոգ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան սպառողների համար 10%-ով թանկացնելու ՀԾԿՀ որոշմանը նշեց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ՀՀ-ում ապրող 80% ընտանիքների վրա կազդի միանշանակ: «Մատչելի էլեկտրաէներգիա ստանալու միակ հնարավոր տարբերակը արևային էներգիան է»,- ասաց նա։ Խոսելով տարբեր երկրներում էլեկտրաէներգիայի խնայողության եղանակների մասին՝ Ահարոն Ադիբեկյանն առաջարկեց, օրինակ, գերմանացիների նման էլեկտրաէներգիայի օգտագործման ռացիոնալ ռեժիմի անցնել՝ առավոտյան վաղ արթնանալ, աշխատանքի գնալ, իսկ երեկոյան ժամը 21։00-ին պառկել քնելու։ «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում մարդիկ կվարվեն այնպես, ինչպես գազի գնի բարձրացման դեպքում. կսկսվի խնայողության փուլ»,-ձևակերպեց բանախոսն ու հավելեց, որ ՝սա կհանգեցնի մի շարք ապրանքների եւ ծառայությունների թանկացմանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, որով Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան այս տարվա օգոստոսի 1-ից կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով: Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ՝ մեկ կվ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: Գիշերային սակագները գործում են ժամը 22.00-ից մինչև առավոտյան ժամը 06.00-ը (մարտի վերջին կիրակիից մինչև հոկտեմբերի վերջին կիրակին), և ժամը 23.00-ից մինչև ժամը 07.00-ն, հոկտեմբերի վերջին կիրակիից մինչև մարտի վերջին կիրակին: