Բավ է պառակտվել
24-08-2017 11:31

Հոլիվուդի «Փառքի ծառուղում» պաշտոնապես կբացվի Շառլ Ազնավուրի աստղը

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Հոլիվուդի «Փառքի ծառուղում» տեղի կունենա հայկական ծագումով լեգենդար ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղի պաշտոնական բացումը:
Ինչպես հաղորդում է «Փառքի ծառուղու» պաշտոնական կայքը, Ազնավուրին նվիրված 2,618 համարի աստղը տեղակայված է Հոլիվուդյան զբոսայգի, 6225 հասցեով՝ Pantages պատմական թատրոնի կողքին:
« Շառլ Ազնավուրը համաշխարհային հռչակ ունեցող կատարող է և սիրված է տարբեր սերունդների միլիոնավոր երկրպագուների կողմից»,- ընդգծել է «Փառքի ծառուղու» պրոդյուսեր Անա Մարտինեսը:
Շառլ Ազնավուրը(Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին: Նա գրել է մոտ 1000 երգ, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն. սկավառակ:
«TIME» ամսագրի և CNN-ի համատեղ հարցման համաձայն Ազնավուրը XX-րդ դարի լավագույն էստրադային կատարող է ճանաչվել:
Մեծ շանսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից: Զուգերգով է հանդես եկել կոմպոզիտոր Պյեր Ռոշի հետ: 1946թ. երկուսն էլ մասնակցություն են ունեցել Էդիտ Պիաֆի Ֆրանսիայով և ԱՄՆ-ով կատարած շրջագայությանը: Հենց այդ ժամանակ էլ սկիզբ առավ երգչի պրոֆեսիոնալ կարիերան:
Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մաթյեն:
Ազնավուրի համաշխարհային ճանաչում ունեցող երգերի թվում են. «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է կարողանալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա», «Ոչ նորաձև ուրախություններ», «Իզաբելա», « Ո՛չ, ես ոչինչ չեմ մոռացել»,« Ես արդեն պատկերացրել եմ», «Որովհետև», «Տար ինձ», « Մեռնել հանուն սիրո» ստեղծագործությունները:
2006 թվականին 82-ամյա Ազնավուրը մեկնեց Կուբա, որտեղ Չուչո Վալդեսի հետ միասին ձայնագրեց «Color Ma Vie» ալբոմը, որը թողարկվեց 2007թ. փետրվարի 19-ին: Նոր երգերի համաշխարհային պրեմյերան տեղի ունեցավ Մոսկվայում, որտեղ 2007թ. ապրիլի 20-ին Ազնավուրը տվեց իր մոսկովյան միակ համերգը:
1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ազնավուրը բարեգործական հիմնադրամ ստեղծեց, և սկսեց միջոցներ հավաքել զոհվածների և տուժածների ընտանիքների համար: Հասրակական բուռն արձագանքի արժանացավ « Քեզ համար Հայաստան» հոլովակը, որի ձայնագրությանը մասնակցել է ֆրանսիացի 90 երգիչ և դերասան: