23-06-2017 12:54

Շառլ Ազնավուրի աստղը կտեղադրվի Հոլիվուդի Փառքի ծառուղում

Իտալացի կինոդիվա Ջինա Լոլոբրիջիդան, հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ամերիկյան դերասաններ Քրիստեն Դանստն ու Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսոնը և Սայմոն Քաուելը, ինչպես նաև ռեփեր Սնուփ Դոգը 2018 թվականին Հոլիվուդի Փառքի ծառուղում կարժանանան անվանական աստղի:
Դերասանների, պրոդյուսերների, շոու -հաղորդավարների և երգիչների ցանկը նախօրեին հրապարակել է Հոլիվուդի Առևտրային պալատը:
«Ընտրական հանձնաժողովն ուրախ է հնչեցնել Փառքի ծառուղում աստղերի նոր, պատվավոր տերերին: Մենք մանրամասնորեն ուսումնասիրել ենք յուրաքանչուր մասնակցի, և գտնում ենք, որ մեզ հաջողվել է ընտրել տաղանդների խմբին, որոնք համապատասխանում են աշխարհով մեկ բազմաթիվ երկրպագուների ճաշակին»,- հայտարարել է կոմիտեի նախագահ, պրոդյուսեր Վին Դի Բոնան: Նա նաև վստահություն է հայտնել, որ նոր աստղերի տերերը « հպարտ կլինեն ընդմիշտ Հոլիվուդի պատմության մասը դառնալու հնարավորությամբ »:
Կինոյի անվանակարգում այդ պատվին են արժանացել դերասաններ Ջինա Լոլոբրիջիդան, Ջեք Բլեքը, Քրիստեն Դանստը, Ջեֆ Գոլդբլյումը, Ֆ. Գերի Գռեյը, Ջենիֆեր Լոուրենսը, Նիկ Նոլթին, Զոի Սալդանան և Մինի Մաուս մուլտֆիլմի հերոսը:
Հեռուստատեսությունը ներկայացնում են դերասաններ Ջիլիան Անդերսոնը, Թարաջի Հենսոնը, Էրիկ ՄաքՔորմակը, բրիտանացի պրոդյուսեր Սայմոն Քաուելը, հեռուստահաղորդավար Ռու Պոլը, ով հանդես է գալիս կնոջ կերպարում, սցենարիստ Ռայան Մերֆին, պրոդյուսեր և ռեժիսոր Շոնդա Ռայմսը:
Ձայնագրության անվանակարգում տեղ են գտել երգչուհի Մերի Ջեյ Բլայջը, բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, կոմպոզիտոր Պետուլա Քլարկը, ռեփերներ Այս Թին և Սնուփ Դոգը, կատարող Քերի Անդերվուդը: Ցուցակը եզրափակում են ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը, կոմպոզիտոր և սցենարիստ Լի Մանուել Միրանդան և դերասան Բերնի Մաքը, ով աստղի է արժանացել հետմահու:
2016թ. հոկտեմբերի 27-ին, «Pantages» թատրոնի դիմաց կայացավ լեգենդար Շառլ Ազնավուրի անվանական աստղի բացումը: Ինչպես հայտնել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը, «CNN»-ն ու «Time online»-ը 1998թ. նրան ճանաչել են XX-րդ դարի լավագույն էստրադային կատարող:
Հոլիվուդի Փառքի ծառուղին գտնվում է Լոս Անջելեսի հյուսիսարևելյան մասում: Դրա ստեղծման գաղափարը ծնվել է 1953 թվականին, իսկ առաջին աստղը, որը նվիրված է դերասան Փեսթոն Ֆոսթերին, մայթին է մոնտաժվել 1958 թ. օգոստոսի 15-ին:
Ծառուղու բացման պաշտոնական արարողությունը կայացել է 1960 թ. նոյեմբերի 23-ին: Այն ժամանակ ծառուղում կար ուղիղ մեկուկես հազար աստղ, իսկ այժմ դրանց թիվը գերազանցում է 2,6 հազարը:
«Փառքի ծառուղում» կան նաև այլ «հայկական» աստղեր, որոնք նվիրված են ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին և Շերին (Շերլին Սարգսյան):