09-01-2017 13:29

«Ոսկե Գլոբուս» 2017. Մրցանակակիրները և հանդիսության գլխավոր պահերը (Լուսանկարներ)

 

Լոս Անջելեսում արդեն 74-րդ անգամ մրցանակներ են շնորհվել կինոյի և հեռուստատեսության ասպարեզներում ունեցած ավանդի համար: Հանդիսությունն անցել է 2016թ. հունվարի 8- լույս 9-ի գիշերը: Շոուի գլխավոր վարողը կատակերգու Ջիմմի Ֆելոնն էր: Շոուի բացման հոլովակում նա Ջասթին Թիմբերլեյքի հետ միասին պարեց մրցանակաբաշխության կատարյալ չեմպիոն հանդիսացող «Լա Լա Լենդ» մյուզիքլին նվիրված պարը:

    
«Լա Լա Լենդ» մյուզիքլը (վարձույթում է հունվարի 12-ից) ռեկորդ սահմանեց «Ոսկե Գլոբուսի» պատմության մեջ՝ ստանալով յոթ մրցանակ յոթը նոմինացիայում. Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ կատեգորիայում, լավագույն սցենար կամ ռեժիսոր (Դեմյեն Շազել), լավագույն երաժշտություն (Ջասթին Գուրվիչ),լավագույն երգ (Ջասթին Գուրվիչի «City of Stars»-ը), կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասաններ(գլխավոր դերակատարներ Էմմա Սթոուն և Ռայան Գոսլինգ):

    
Ռայան Գոսլինգն իր խոսքում հուզիչ ձևով շնորհակալություն հայտնեց իր կնոջը՝ Եվա Մենդեսին՝ նկարահանումներին մասնակցություն ունենալու հնարավորության համար. « Մինչ ես երգում, պարում, դաշնամուր էի նվագում, ու այս ֆիլմում նկարահանվելիս ստանում էի կյանքիս լավագույն տպավորություններից մեկը, կինս մեր դստերն էր մեծացնում և կրծքի տակ կրում էր մեր երկրորդ բալիկին , ու դրա հետ մեկտեղ փորձում էր օգնել իր եղբորը՝ քաղցկեղի դեմ պայքարում: Եթե նա այդ ամենն իր վրա չվերցներ, ես այսօր այստեղ չէի լինի, ես չէի ունենա այս փորձը, և այսօր իմ փոխարեն մեկ ուրիշը կանգնած կլիներ»:

 
Դերասանուհի Մերիլ Սթրիփին շնորհվեց Սեսիլիա Բ. Դե Միլլի մրցանակը՝ կինոյի ասպարեզում ունեցած ավանդի համար: Դերասանուհին իր խոսքում քննադատել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ առանց նրա անունը նշելու: Նա բեմի վրա նկարագրեց այն դեպքը, երբ Թրամփը կրկնօրինակել էր «New York Times»-ի հաշմանդամություն ունեցող լրագրող Սերժ Կովալսկիին:
« Դա այն պահն էր, երբ մարդը, ով ցանկանում է զբաղեցնել երկրի ամենահարգարժան պաշտոնը, կապկում էր հաշմանդամություն ունեցող թղթակցին: Մարդ, ով գերազանցում է նրան արտոնություններով, իշխանությամբ և հակահարված տալու հնարավորությամբ...: Նվաստացնելու այդ բնազդը, որը ձևավորվել է հանրային հարթակին կանգնած ինչ-որ մեկի կողմից, ինչ-որ իշխանատենչի,... այն (այդ բնազդը)ներխուժում է մեր կյանքեր, որովհետև մեզ թույլատրում է նույն կերպ վարվել»:


Տարվա լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Բարրի Ջենիքինսի « Լուսնի լույս»-ը, անիմացիոն « Զվերոպոլիս»-ը, օտար լեզվով լավագույն ֆիլմ է ճանաչվել « Նա»-ն: «Նա» ֆիլմում կատարած դերի համար դերասանուհի Իզաբել Յուպպերը արժանացել է լավագույն դրամատիկ դերասանուհի մրցանակին: «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում կատարած դերի համար Քեյսի Աֆլեկը լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել: Երկրորդ կարգի լավագույն դերասաններ են ճանաչվել Վիոլա Դեվիսը («Ցանկապատեր») և Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը (« Գիշերվա քողի տակ»):
Անցած տարվա լավագույն հեռուստադրաման է՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի մասին պատմող «Թագ» հեռուստասերիալը: Լավգույն կատակերգական սերիալը (մյուզիքլ) «Ատլանտա»-ն է, լավագույն հեռուստաֆիլմը՝ « Ամերիկյան հանցագործությունների պատմություն. Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի»:

  
Դրամատիկական սերիալի լավագույն դերասան է դարձել Բիլլի Բոբ Տորնտոնը («Գոլիաֆ»), դերասանուհի՝ Քլեր Ֆոյը («Թագ»): Հեռուստաֆիլմերում լավագույն դերասանական աշխատանքների համար պարգևատրվել են Սառա Պոլսոնը (« Ամերիկյան հանցագործությունների պատմություն») և Թոմ Հիդլստոնը (« Գիշերային ադմինիստրատոր»):
Կատակերգական և երաժշտական սերիալների լավագույն դերասաններ են ճանաչվել Թրեյսի Էլլիս Ռոսսը («Մթնողները») և Դոնալդ Գլովերը («Ատլանտա»):
Օլիվիա Կոլմանն ու Հյու Լորին արժանացել են լավագույն երկրորդական դեր մրցանակին՝ « Գիշերային ադմինիստրատոր» ֆիլմում կատարած դերերի համար: