14-07-2017 14:16

Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է « Եղիցի լույս» մրցանակով

Հայ հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին շնորհվել է Համայն հայության Կաթողիկոս Գարեգին Երկրորդի սահմանած « Եղիցի լույս» հատուկ մրցանակը:
Մրցանակի հանդիսավոր շնորհումը տեղի է ունեցել նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ հուլիսի 9-ից 16- ը անցնող 14-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Հատուկ մրցանակը կոմպոզիտորին շնորհվել է կինոարվեստի զարգացմանն ուղղված ծառայության համար։
Նախորդ տարի Հայ եկեղեցու մրցանակին էր արժանացել հայկական ծագումով ուկրաինական ռեժիսոր Ռոման Բալայանը:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ. Բեյրությում: 1947 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Կոմպոզիտորն ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ինչպես նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Կոմպոզիտորը հայտնի է իբրև ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկը: Նա առաջինն է ներդրել կոմպոզիցիայի ժամանակակից մեթոդները՝ նեոդասականությունը, դոդեկաֆոնիզմն ու վեբերնիզմը:
Մանսուրյանը ՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968), Միքայել Վարդանովի« Աշնանային հովվերգություն», Գ. Մալյանի «Մենք ենք, մեր սարերը»(1969), Բ. Հովհաննիսյանի « Տերը» (1983), Ս. Իսրայելյանի «Ճերմակ անուրջներ» ֆիլմերի երաժշտությունների հեղինակն է: Նրա ստեղծագործությունները հռչակ են վայելում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և աշխարհի այլ մայրաքաղաքներում:
2013թ. Տիգրան Մանսուրյանը արժանացել է երաժշտության ասպարեզում Հայաստանի պետական պարգևի՝ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեկվիեմի» երաժշտության համար: