Բավ է պառակտվել
15-09-2016 16:36

Էստոնացի ջութակահարը` «հոգևոր» առաքելությամբ Երևանում

Էստոնացի հայտնի ջութակահար և կոմպոզիտոր Անդրես Մուստոնենը ելույթ է ունեցել Երևանում «Hortus Musicus» իր գլխավորած համույթի հետ։

«Փայլատակող վերածնունդ, փայլուն բարոկո» խորագրով համերգը կայացել է Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 17–րդ միջազգային փառատոնի շրջանակում։

Միջնադարյան երաժշտության հայտնի նվագախումբը հայ հանդիսատեսի համար կատարեց 16-19–րդ դարերի արևմտաեվրոպական հոգևոր երաժշտություն։ Համերգային ծրագրում ընդգրկվեցին մեծ վարպետներ Ժան Բատիստ Լյուլիի, Կլաուդիո Ջովաննի Անտոնիո Մոնտեվերդիի, Մարկ Անտուան Շարպանտիեի, Արքանջելո Կորելիի և այլոց գործեր։

«Մենք մեծ թվով ծրագրեր ունենք, դուք կարող եք փառատոն կազմակերպել, և երկու ամսվա ընթացքում մենք ամեն օր կարող ենք նոր ծրագիր կատարել։ Բայց մենք ընտրեցինք հենց այս մեկը, որովհետև Հայաստանում այսպիսի երաժշտություն քիչ է կատարվում, սա ռենեսանսն է, բարոկոն։ Ուրախ եմ, որ երևանյան բեմում կարող եմ հոգևոր երաժշտություն կատարել, դա իմ առաքելությունն է ողջ աշխարհով»,– խոստովանեց Մուստոնենը։

Կոմպոզիտորն արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի» արտերկրում հայկական երաժշտարվեստի մասսայականացման և հայ–էստոնական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար։

«Ինձ համար սա մեծ պատիվ է։ Ամեն անգամ Երևան եմ գալիս, որպես տուն։ Այն ինձ համար հարազատ և շատ մտերիմ քաղաք է։ Շատ հպարտ եմ, որ նախորդ տարի բացեցի «Քեզ հետ, Հայաստան» փառատոնը, որտեղ մենք հայ դասական սիմֆոնիա ենք կատարել։ Դա շատ մեծ իրադարձություն էր, որի մասին մինչ օրս խոսում են»,– ասաց Մուստոնենը։

Նա սեր խոստովանեց հայ ժողովրդին` ցանկություն հայտնելով ևս մեկ անգամ վերադառնալ Հայաստան։

«Երևանյան հեռանկարներ» փառատոնը հիմնվել է 2000 թվականին և ընդհուպ մինչև 2010–ը կոչվել է «Հեռանկարներ XXI»։ Այն դարձել է անկախ Հայաստանի պատմության արվեստի առաջին փառատոնը։ 2008 թվականից փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։