13-04-2015 09:37

Վլադիմիր Սպիվակովը Հայաստանում է

Աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը Հայաստանում է: Երևանում ապրիլի 14-16-ը կանցկացվի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակում կանցկացվի երեք համերգ՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Նվագախումբը կղեկավարի Վլադիմիր Սպիվակովը:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է մաեստրոն վերաբերվում Հայոց ցեղասպանության փաստին, Սպիվակովը նշեց. «Դե, եթե եկել եմ Հայաստան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ դիրքորոշում ունեմ»:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե աշխարհը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սպիվակովը նշեց, թե դա իրենց խնդիրն է:
«Ամբողջ աշխարհը չէ, որ չի ընդունում: Հռոմի պապն ընդունեց: Ես կարծում եմ, որ շատ լուրջ պատմություն է, հեռուն տանող հետևանքներ կլինեն»,-նշեց նա: Հայաստանյան համերգները տեղի կունենան ապրիլի 14-16-ը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ապրիլի 14-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները՝ Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 17-ը, «Ռեքվիեմ»-ը։ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)։ Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Վարվառա Կուտուզովան: Ապրիլի 15-ին հանդիսատեսին կներկայացվեն Մոցարտի, Վերդիի, Բելինիի, Դոնիցետիի, Պուչինիի հայտնի ստեղծագործությունները։
Ապրիլի 16-ին կներկայացվի մուլտիմեդիա նախագիծ, որը կրում է Չապլինի ժամ՝ «Մեծ քաղաքի կրակները» խորագիրը։ Բոլոր համերգները կսկսվեն ժամը 19:15-ին: