Բավ է պառակտվել
05-06-2015 08:19

Աշխարհը չդարձավ ոչ ավելի կանխատեսելի և ոչ էլ ապահով. Վիգեն Սարգսյան

«Այս համերգն այն բազմաթիվ միջոցառումներից է, որ Հայաստանի Հանրապետությունը կազմակերպում է հայրենիքում և արտերկրում՝ նշելու 70-ամյակն այս կարևոր միջազգային կազմակերպության, որը հիմնադրվել է որպես մարդասիրության և մտավոր առաջընթացի օրրան»- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգաշարի ամփոփիչ համերգի մեկնարկից առաջ իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Մենք մեծապես ոգեշնչված ենք մինչ այժմ իրականացված աշխատանքներով և գիտակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը համաշխարհային ժառանգության հավաքագրման, դասակարգման, ցուցակագրման և պաշտպանության գործում, ինչպես նաև՝ տեսնելով այն նշանակալի ձեռքբերումները կրթության հայեցակարգի զարգացման, հատկապես՝ շարունակական կրթության, բոլորի համար կրթության, բոլորի համար հավասարության, տեղական և բնիկների լեզուների և մշակույթների պաշտպանության բնագավառներում՝ մենք հպարտանում ենք այս ձեռքբերումներով: Մենք ողջունում ենք կազմակերպությանը, նրա կառավարման մարմիններին՝ գլխավոր տնօրեն տիկին Բոկովայի ղեկավարությամբ, աշխարհով մեկ կրթության, գիտության, մշակույթի նկատմամաբ մեծ հարգանքի ձևավորմանն ուղղված ճանապարհ հարթելու դժվարին գործի համար»,-նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: Վ. Սարգսյանը ցավ է հայտնել, որ այս կառույցի ստեղծման ժամանակվանից ի վեր աշխարհը չդարձավ ոչ ավելի կանխատեսելի և ոչ էլ ապահով. «Երկու համաշխարհային պատերազմների սարսափները լռեցվեցին՝ վերածվելով ավելի քիչ կառավարելի, քիչ տեսանելի, բայց, անշուշտ, ոչ ավելի պակաս ավերիչ, դաժան, տեղային պատերազմների և երկարատև հակամարտությունների: Մարդկության դեմ հանցագործությունները, էթնիկ զտումները, ցեղասպանությունները, հիշողությունների ոչնչացմանն ուղղված հուշարձանների ավերումը դեռ նոր թափ են ստանում՝ առնչվելով աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքերի: Շատ հաճախ, երբ հեռուստատեսությամբ` ուղիղ հեռարձակմամբ դիտում ենք հերթական պատմական ժառանգության ավերման փաստը (մտածեք այդ երևույթի ողբերգական հեգնանքի մասին. մենք դիտում ենք ուղիղ եթերով տվյալ պահին տեղի ունեցող իրադարձությունները որպես բնականոն երևույթ), մենք՝ բոլորս, հուսահատվում ենք և ասում. «Իսկ որտե՞ղ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչո՞ւ այն չի գործում, ինչո՞ւ այն չի արձագանքում այս ամենին»: Ճշմարիտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիազորությունները սահմանափակ են այն մանդատով, որով մենք՝ հիմնադիր անդամներս, օժտել ենք այդ կառույցը: Այդ սահմանափակումները ոչ բավարար ֆինանսավորման հետ միասին, որոնց հաճախ նա բախվում է, առաջացնում են լուրջ խոչնդոտներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության համար: Բայց չէ՞ որ ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բուն գաղափարն այն է, թե ինչ պետք է անենք, երբ կա խնդիր, այլ ոչ թե` ինչ կարող ենք անել սովորաբար: Այս կառույցները տեսլականի և երազանքի մարմնավորում պետք է լինեն, այլ ոչ թե՝ ընթացիկ իրականության արձանագրող և զեկուցող»: Նա այս առումով մասնավորապես ընդգծել և բարձր է գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկա ղեկավարության կողմից իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններից մեկը՝ Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ կրթությունը՝ որպես կանխարգելման հիմնական գործիք. «Գիտնականները փաստում են, որ ցեղասպանության հանցագործության ճանաչումն ու դատապարտումը ապագայում այդ հանցագործության կանխարգելման միակ արդյունավետ միջոցն է: Մենք ինքներս ոչ միայն պետք է դասեր քաղենք դրանից, այլ պետք է նաև ուսուցանենք եկող սերունդներին՝ այդ չարիքը մեկընդմիշտ վերացնելու աշխարհի երեսից: Հայերը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, պատրաստակամ են ստանձնելու իրենց պատասխանատվության բաժինն այդ պայքարում: Այս տարվա ապրիլից սկսած՝ Հայաստանը կանոնավոր կերպով հյուրընկալելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը»: