Բավ է պառակտվել
25-09-2013 12:19

Արտագաղթի մասին կատակ եմ անում, մարդիկ ծիծաղում են, բայց իմ սրտից արյուն է հոսում. Վարդան Պետրոսյան

«Շատ դժվար է կատակով խոսել արտագաղթի մասին, մեկ վարչապետն է կարողանում, մեկ էլ ես։ 15 րոպե արտագաղթի մասին կատակ եմ անում, մարդիկ ծիծաղում են, բայց իմ սրտից արյուն է հոսում։ Ինչքան կարող եմ կգոտեպնդեմ ու կմիավորեմ նրանց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց դերասան Վարդան Պետրոսյանը:  

Նշեց նաև, որ իր ներկայացման մեջ հեղափոխության կոչեր չի անում, ըստ նրա, դա ընդամենը միավորվելու կոչ է. «Արվեստը հեղափոխության կոչեր չի անում, ուրիշ բան, որ ես համարձակորեն գովում ու խրախուսում եմ երիտասարդությանը, դա հեղափոխության կոչ չէ,Դա միասնության կոչ էր, հոգևոր միասնության կոչ, այստեղ հոգևոր միասնությունն է գովաբանվում։ Առանց հոգևոր միասնության որևէ բանի մասին չի կարելի խոսել, սովորաբար հեղափոխություններում ամեն մեկն իր շահն է փնտրում, այստեղ գոյություն չուներ մեկի շահ»:  Դերասանը տրանսպորտի թանկացման պայքարում երիտասարդների հաղթանակի մասին խոսում է նաև «Ամեն 2շաբթի» ներկայացման մեջ:

Դերասանը տեղյակ էր, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կրկին օրակարգում է։ Նա նշեց, թե թանկացումներն ամբողջ աշխարհում, բայց ոչ «տատիկների ու պապիկների կաշին քերթելու հաշվին»:

 «Անմարդկային թանկացումներ են, տպավորությունը՝ ով ինչպես ուզում է, այնպես էլ անում է, իսկ պատճառաբանությունը, թե տրանսպորտի որակն են բարձրացնելու՝ ծիծաղելի է։ Կարող են գտնել տարբերակ։ Սա բնութագրում եմ ժողովրդի կաշին քերթել, ուրիշ ոչ մի կերպ չես կարող բացատրություն գտնել, եթե մտնում ես աղքատի գրպանը, թոշակառու տատիկ-պապիկի գրպանը, դա անթույլատրելի է։ Դրանով դու նրանց անամոթաբար դատապարտում ես անշարժության», - նշեց դերասանը:

Լրագրողները խնդրեցին դերասանին  չշրջանցել Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցելու որոշման հարցը։ Դերասանն իրեն հատուկ հումորով վրա բերեց, թե պետք է ոչ թե Հայաստանի համար ափսոսալ, այլ խղճալ Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին, որ հայերը գալիս են այնտեղ, ապա նշեց, թե դրանում «մի դառը բան կա»:

«Դա ինձ հիշեցնում է դարասկիզբը, երբ և՛ Արևմտյան Հայաստանում, և՛ այստեղ մենք անընդհատ կողմնորոշվում էինք, իսկ երբ ուսումնասիրում ես պատմությունը, տեսնում ես, որ մեզ ընդամենը խաղացնում էին»,- ասաց նա։