Բավ է պառակտվել
29-01-2015 12:12

Երևանում բացվել է Կոմիտասի թանգարանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Երեւանի Կոմիտասի անվան պետական պանթեոն եւ մասնակցել հայ մեծանուն երգահանի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ գրառում կատարելով պատվավոր հյուրերի գրքում` նախագահ Սահակյանը նշել է, որ Կոմիտասի թանգարանի բացումը նշանակալի իրադարձություն է համայն հայության կյանքում: «Խոսքը մի մարդու մասին է, ով կարողացել է իր անմահ երաժշտությամբ ներկայացնել մեր ազգի սարսափելի ողբերգությունը, մարդու, ով ապրել է իր ժողովրդի ճակատագրով եւ վառվել անմնացորդ` հանուն ապագա սերունդների, արդարության հաղթանակի հույսով ու հավատով: Եվ ներկա սերունդը պետք է ապրի ու արարի` հանուն Մայր Հայաստանի զարգացման ու զորացման՝ անսասան պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- գրել է Բակո Սահակյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից էլ հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է բոլորին թանգարան-ինստիտուտի բացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել այս կարեւոր նախաձեռնության իրականացմանն իրենց ներդրումն ունեցած բոլոր անձանց եւ թանգարանում շրջայց կատարելուց ու տարբեր սրահներում ներկայացված ցուցադրություններին ծանոթացելուց հետո, գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության եւ վերածննդի խորհրդանիշն է: Կոմիտաս վարդապետը միավորեց հոգեւորը եւ աշխարհիկը, ազնվականը եւ գեղջկականը, արեւմտահայկականը եւ արեւելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ եւ բազում այլ բաժանարար գծերը: Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով եւ մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ:

Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիվ Կոմիտասի անօրինակ ժառանգությունն այժմ կարող է համակարգված ուսումնասիրության եւ լայն տարածման առարկա դառնալ ինչպես Հայաստանում, այդպես էլ աշխարհով մեկ: Կոմիտասը մեր մշակութային կյանքի մասնակիցն է, ով շարունակում է մեզ ուղղորդել արդեն երրորդ հազարամյակի բարդ քառուղիներում: Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի բացումը կարեւոր իրադարձություն է մեր երկրի ու մեր ժողովրդի համար»: Նորաբաց թանգարանի համերգային դահլիճում բացման կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն: