Բավ է պառակտվել
05-07-2016 11:48

Թուրքիայում կբացվի պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը

Թուրքիայում բացվելու է լուսանկարների միջազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրվելու են աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները, ներկայացվելու է նրա կյանքն ու արվեստը: Նախագծի հեղինակը Թուրքիայում հայտնի «Doğuş Grup» ընկերությունն է, որը հայտնի լուսանկարչի հետ համագործակցելու իրավունք է ձեռք բերել:

Համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարություն է արել «Doğuş Grup»-ի գործադիր խորհրդի նախագահ Ֆերիթ Շահենքը: Վերջինս նշել է, որ թանգարան հիմնելով նպատակ ունեն Արա Գյուլերի ամբողջ ստեղծագործական արխիվը պահպանել և փոխանցել գալիք սերունդներին: Շահենքի խոսքերով՝ այդ համագործակցության շրջանակներում մի շարք միջոցառումներ են ձեռնարկելու Գյուլերին և նրա ստեղծագործությունները ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ներկայացնելու և սերնդեսերունդ փոխանցելու համար:
«Բեյօղլուում գտնվող շենքը, որտեղ Արա Գյուլերը ծնվել, մեծացել, է հետո էլ որոշ ժամանակ օգտագործել որպես արհեստանոց, կվերածվի լուսանկարների պատկերասրահի, որը միջազգային նշանակություն կունենա և կդառնա Թուրքիայի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկը»,-տեղեկացրել է Շահենքը:

Նա նաև նշել է, որ թանգարանում ցուցադրվելու են անվանի հայ լուսանկարչի գրքերը, հուշերը, հուշանվերները, մրցանակները, պաստառները, դիմակները, անձնական իրերը, հավաքածուները:
Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ ծնվել է 1928 թ. Ստամբուլում՝ հայկական Բեյօղլու՝ Բերյայի թաղամասում: Իր կատարած լուսանկարներով միջազգային ճանաչում ձեռք բերած ներկայացուցիչներից է Թուրքիայում: 1951 թ. ավարտել է Կենդրոնական վարժարանը, իսկ լրագրությամբ սկսել է զբաղվել 1950 թ. «Նոր Ստամբուլ» թերթում: Այս տարիներին հայերեն թերթերում և գրական ամսագրերում հրապարակում է պատմվածքներ: Եղել է 1956 թ. «Time life», 1958 թ. «Paris-Match» և «Stern» ամսագրերի Մերձավոր Արևելքի ֆոտոթղթակիցը՝ միևնույն ժամանակ անդամակցելով «Մաղնում» գործակալությանը: 1961 թ. Անգլիայում լույս տեսնող «British journal of Photography Year book»-ը նրան ճանաչել է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը: 1962 թ. Գերմանիայում վաստակել է «Master of Leica» տիտղոսը, որն աշխարհում 38 հոգի ունի: Աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել:
2004 թ. Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: Գյուլերը համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը, ինչի համար էլ ստացել է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» անունը: Նա 800.000 լուսանկարների հեղինակ է:
Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է Բերթրան Ռասելից մինչև Ուինսենթ Չերչիլ, Առնոլդ Թոյնբիից մինչև Պիկասո, Սալվադոր Դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Թենեսի Ուիլյամս, Վիլյամ Սարոյան ու Փարաջանով ու բազմաթիվ հայտնի անձանց: Լուսանկարների մեծ մասը հատուկ հավաքածուով ցուցադրվել է Փարիզում` Ազգային գրադարանում, ԱՄՆ-ում` Նեբրասկա համալսարանի Շելդոն հավաքածուում, բացի այդ՝ նաև Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում:
2012-ի մարտին 2-ին Ստամբուլի Լյութֆի Քըրդար միջազգային կոնգրեսի պալատում մշակույթի և արվեստի գործիչներին պարգևատրման արարողության ժամանակ Էրդողանը աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերից վերցրել է ֆոտոխցիկը և լուսանկարել նրան` որպես հարգանքի նշան: Արա Գյուլերն էլ կատակով հարցրել է, թե երբ կարող է վերցնել նկարները: Հենց այդ միջոցառման ժամանակ էր, որ Գյուլերը ճանաչվել է դարի լուսանկարիչ: Իսկ Էրդողանի` Գյուլերին լուսանկարելու պահը ֆիքսած լուսանկարը Թուրքիայում ճանաչվել էր ամենահաջողվածներից մեկը: